Ս.թ. նոյեմբերի 22-ին «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխություններին: Ասուլիսը վարող ՏԶԿ/ԹԻ Հայաստան ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը և փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը, մյուս բանախոսներ «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանն ու Երևանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն անդրադարձան խորհրդարանի` վերջերս հապճեպ ընդունած ընտրական օրենսդրության փոփոխություններին և թերություններին:

Բանախոսների կարծիքով անհրաժեշտ է վերականգնել հասարակական կազմակերպությունների երբեմնի ավանդական ներկայությունը ՀՀ խորհրդարանի քննարկումների ժամանակ, իսկ օրենսդրության ընդունման հապճեպության պատճառը բարեփոխումները քաղաքական մեծամասնության շահերին ծառայեցնելն էր: Ընտրական օրենսդրությունը վարչական ներուժի չարաշահման հնարավորություն է տալիս, ինչը քաղաքական կոռուպցիայի տարատեսակներից է: