Ս. թ. հուլիսի 18-ին «ԷՕՆ» ակումբում տեղի է ունեցել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընդհանուր ժողովը, որին ֆիզիկապես և հեռակա կարգով ներկա էին կազմակերպության անդամների պարզ մեծամասնությունը: Հրավիրվածների թվում էին նաև կազմակերպության նոր առաջադրված անդամները: Ողջույնի խոսքով հանդես է եկել ԹԻՀԿ խորհրդի նախագահ, Եվրասիա համագործակցության հիմնադրամի փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը: Գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ ԹԻՀԿ հաշվետվությունը, իսկ փոխտնօրեն Սոնա Այվազյանը ծանոթացրել է ինստիտուցիոնալ զարգացման հիմնահարցերը: Ընդհանուր Ժողովը քննարկել և հաստատել է հաշվետվությունը:

ԹԻՀԿ անդամ, մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող Քրիստինե Մարգարյանը ներկայացրել է անդամակցության նորացված կարգը: ԹԻՀԿ հաղորդակցության համակարգող Արթուր Ավթանդիլյանը հանդես է եկել ԹԻՀԿ անդամների հետ աշխատանքի բարելավման վերաբերյալ առաջարկություններով: Քննարկվել և հաստատվել է անդամակցության կարգը: Փակ քվեարկությամբ ընտրվել են խորհրդի նոր կազմ և նոր անդամներ:

Լիազորությունների ժամկետը ավարտվելու կապակցությամբ ԹԻՀԿ անդամներ Վազգեն Կարապետյանը, Լանա Կառլովան, Սուրեն Սաղաթելյանը դուրս են եկել խորհուրդի կազմից: ԹԻՀԿ խորհուրդի կազմում վերընտրվել են Լևոն Բարսեղյանը և Արթուր Սաքունցը և ընտրվել երեք նոր անդամներ` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Հայկակ Արշամյանը, արևելագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Եվրոպա ծրագրի համակարգող Միքայել Հովհաննիսյանը:

ԹԻՀԿ նոր անդամներ են ընտրվել ԹԻՀԿ հաղորդակցության համակարգող Արթուր Ավթանդիլյանը, ԹԻՀԿ ծրագրի օգնական Տաթևիկ Բարսեղյանը, ԹԻՀԿ գրադարանավար Քնարիկ Բոյաջյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը, հրապարակախոս, Զարուհի Հովհաննիսյանը, «Ուրբան Լաբ-Երևան» ՀԿ նախագահ, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հանրային կապերի և ծրագրերի պատասխանատու Իզաբելլա Սարգսյանը:

ԹԻՀԿ աշխատակազմը շնորհավորում է կազմակերպության նորընտիր անդամներին և Խորհրդի նորացված կազմին և մաղթում աշխատանքային բեղուն համագործակցություն: