Բեռլին, 21 ապրիլի, 2006թ.- Հուգուետ Լաբելլը` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության նախագահը մեծ ոգևորությամբ ընդունեց Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի առաջարկությունը` միանալու «ՄԱԿ-ի Համաշխարհային դաշնագիր» կամավոր քաղաքացիական նախաձեռնության տնօրենների խորհրդին: Նշենք, որ նախաձեռնությանն անդամակցում են 3000-ից ավել կորպորացիաների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի թափանցիկությունն ու հաշվետվությունը դառնան «ՄԱԿ-ի Համաշխարհային դաշնագրի» առանցքային սկզբունքները»,- ասել է տիկին Լաբելլը: «Տնօրենների խորհրդին մասնակցելը հրաշալի հնարավորություն է ընձեռում զարգացնելու և կյանքի կոչելու այդ գաղափարները` մասնավոր հատվածի հետ միահամուռ գործունեության միջոցով: Նմանօրինակ կամավոր ծրագրերը կոնսենսուսի հասնելու հզոր միջոց են, ինչպես նաև ողջունելի համալրում իրավական համակարգերին»:

2000թ. հուլիսին մեկնարկած «ՄԱԿ-ի Համաշխարհային դաշնագիր» նախաձեռնությունը ծառայում է «մասնավոր ընկերությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, աշխատավորների և քաղաքացիական հասարակության միավորման գաղափարին` բնապահպանական և սոցիալական բնույթի համընդհանուր խնդիրներ լուծելու նպատակով»: 2004թ. ընթացքում կազմակերպված մի շարք խորհրդակցական հանդիպումների ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության հիմնադիր և նախկին նախագահ Փիթեր Էյգենին հաջողվեց թափանցիկությունն ու հակակոռուպցիոն գործունեությունը ձևակերպել որպես «ՄԱԿ-ի Համաշխարհային դաշնագրի» տասներորդ հիմնարար սկզբունք:

«ՄԱԿ-ի Համաշխարհային դաշնագիրը» միավորման սկզբունքի հիանալի օրինակ է, որը քարոզում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը և որն այնքան էական է այսօրվա աշխարհի սոցիալական, քաղաքական և տնտեսական միահյուսված խնդիրները լուծելու գործում: