Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը ս.թ. ապրիլի 21-23-ին Մոսկվայում մասնակցել է «Հանրային հաշվետվողականություն. հանրային վերահսկողության միտումներն ու գործիքները» սեմինարին, որը կազմակերպել է ԹԻ Ռուսաստանի մասնաճյուղը՝ Հակակոռուպցիոն հետազոտությունների և նախաձեռնությունների կենտրոնը: Սեմինարը նպատակ ուներ քննարկել պետական պաշտոնյաների և ոչ կառավարական մարմինների նկատմամբ հանրային հակակոռուպցիոն վերահսկողության գործիքների մշակման ներկա միտումները: Այն ԹԻ Ռուսաստանի համար կարևորագույն թեմա է, քանի որ վերջինս ներգրավված է եղել Ռուսաստանում հանրային հաշվետվողականության հայեցակարգի մշակմանը և պարբերաբար իրականացրել է պետական պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերի հանրային մոնիտորինգ:

Սեմինարի մասնակից Հայաստանի, Վրաստանի, Սլովակիայի, Լիտվայի և Ռուսաստանի ԹԻ ներկայացուցչությունները փոխանակել են հանրային վերահսկողության նոր գործիքների վերաբերյալ իրենց գիտելիքն ու փորձը: Մասնակիցները քննարկել են հանրային վերահսկողության ծրագրերի հետ կապված բոլոր հիմնախնդիրները՝ ներառյալ առաջիկա մարտահրավերներն ու հնարավորությունները: