Կիրակնօրյա վերլուծականն անդրադարձել է վարչապետի պաշտոնավարմանը
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը Ազատություն ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն էր: Հաղորդումն անդրադարձել է 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին և քննարկել, թե ինչպիսին էին նրա պաշտոնավարման 6 տարիները, ինչ կփոխվի կառավարության գործելաոճում` չունենալով քաղաքական լծակներ, քաղաքական ու տնտեսական շահերի սերտաճման պայմաններում ինչ կարելի է անել օլիգարխիկ համակարգի դեմ: Վարչապետ Սարգսյանի պաշտոնավորումը նշանավորվել է միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամով և սկանդալներով՝ Նաիրիտ, ռուսական գազի դիմաց առաջացած պարտք, կիպրոսյան օֆշոր:
2009 թ. հայաստանյան տնտեսական անկումը իր մեծությամբ չորրորդն էր աշխարհում: ԱՄՀ-ի տվյալներով 2009 թ. ավելի քան 14 տոկոսանոց անկումից հետո մինչ օրս Հայաստանը չի կարողացել վերականգնել իր տնտեսության մինչճգնաժամային 2008 թ. ծավալները: Հայաստանում 2013թ. տնտեսական աճը եղել է 3,5%-ի շրջանակում՝ նախագահի կողմից նախանշված 7%-ի փոխարեն։
Ըստ Սոնա Այվազյանի՝ կառավարությունն այնքանով է կոռումպացված, որքանով որ պետական պաշտոնյաները համատեղում են իրենց մասնավոր բիզնես շահերը և հանրային պաշտոնը: Այդ առումով և՛ ազգային ժողովը, և՛ կառավարությունը կոռումպացված են: Որոշ պաշտոնյաների մասին կա տեղեկատվություն և հետաքննական նյութեր, սակայն դրանց երբևիցե ընթացք չի տրվում: Դատախազությունը բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը ԹԻՀԿ դիմումներին, որ նրանք չեն տեսնում քրեական հանցակազմ, օրինակ, բնապահպանության նախարարի բիզնես գործունեության մեջ: Կամ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը խնդիր չի տեսնում նրանում, որ Գագիկ Խաչատրյանը, հանդիսանալով պետական եկամուտների կոմիտեի նախագահ, նրա հարազատները զբաղվում են բիզնեսով և նրանց բնականաբար տրվում են որոշակի արտոնություններ:
Կոռուպցիան հովանավորվում է ամենաբարձր մակարդակով և ըստ էության կառավարությունը պարզապես գործիք է նախագահի ձեռքին: Երբ վարչապետը նոր էր նշանակվել, փորձեր էր անում ցույց տալ, որ ինքը ժողովրդավարական արժեքներ կրող է՝ էլեկտրոնային կառավարման, իրավական ակտերի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցության ուղղությամբ որոշակի աշխատանքներ է կատարել: Պաշտոնավարման առաջին ամիսներին փորձում էր քաղաքացիական հասարակության հետ հանդիպել և ինչ-որ խնդիրներ լուծել, սակայն ինչ որ պահի մի քանի ամիս անց դա դադարեց, որովհետև վարչապետին հնարավորություն չէր տրված անել այն, գոնե ինչ ինքը ցույց էր տալիս, որ ուզում է անել: Բնականաբար այդ քաղաքականությունը ծառայեցվելու էր մի խումբ մարդկանց բիզնես շահերին: Վարչապետը ինքը ուներ բիզնես շահ և անցյալ տարվա օֆշորային սկանդալը դրա մի բացահայտումն էր: Տիգրան Սարգսյանը լինելով վարչապետ, պատասխան է տալիս իր կողմից ղեկավարվող կաբինետի բոլոր անդամների կոռումպացված լինելու համար:
Հաղորդման մյուս հյուրերն էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, «Դեմ եմ» շարժումից Դավիթ Մանուկյանը:

