Հուլիսի 26-ին Երևանի Օպերայի այգում` Առնո Բաբաջանյանի արձանին կից տարածքում Էկոլոգիական հասարակական դաշինքը կազմակերպել էր ակցիա ընդդեմ նշված տարածքում նախատեսվող շինարարության: Ակցիային մասնակցել են ՀԿ-ների, կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ավելի քան 100 ներկայացուցիչներ: Բողոքի ելույթներից բացի «Մի բուռ հող ձեր փոսին» նշանաբանով ակցիայի մասնակիցները հող են լցրել շինարարության համար նախատեսված փոսը: Հող լցնելուն մասնակցել են բոլոր ներկաները, բացառությամբ ակցիային հետևող ոստիկանների:

Ահռելի փոսը փորվել էր մեկ-երկու ամիս առաջ և էկոլոգիական հասարակական դաշինքի ներկայացուցիչների բարձրացրած աղմուկից հետո շինարարությունը կանգնեցվել էր, սակայն չէր հաջողվել պարզել, թե ի՞նչ կառույց է նախատեսվում և ով է սեփականատերը: Դաշինքի հարցապնդումներին ի պատասխան թե քաղաքապետարանից, և թե Կենտրոն համայնքի թաղապետարանից ասվել է, որ տարածքը «ոչ ոքու» է: Իշխանությունները նույնիսկ խոսք էին տվել լցնել իրենց կողմից անտեր ճանաչված փոսը: Դաշինքի ներկայացուցիչներն էլ որոշել էին օգնել իշխանություններին հողով լցնելու և ծածկելու այն, իսկ հետո կանաչապատելու:

Ըստ «Առավոտ» թերթի (4.08.07) փոսը լցրել են: