Աշխատանքային հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ս.թ. փետրվարի 28-ին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով աշխատանքային հանդիպմանը: Հանդիպման նպատակն էր ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ քննարկել արհմիություններին առնչվող օրենսդրական խնդիրները, մասնավորապես Արհեստակցական միությունների մասին օրենքը և Աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթներ, որոնք խոչընդոտում են կամ չեն նպաստում արհմիությունների արդյունավետ գործունեությանը և համատեղ գտնել դրանց լուծումները:
Քննարկումներին մասնակցում էին նաև արհեստակցական միությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը մասնակիցներին հորդորել է գրավոր առաջարկներ ներկայացնել, որոնց հիման վրա ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը բարեփոխելու առաջարկ կներկայացվի: Առաջիկայում ևս մեկ հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

