ֆորում թատրոնի համար գրված պիեսների մրցույթի հրավեր
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է ֆորում թատրոնի համար գրված պիեսների մրցույթ: Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է արտացոլեն Հայաստանի ընտրական գործընթացներում առկա խնդիրները և միտված լինեն փոխել ընտրողի վերաբերմունքն ու վարքագիծը՝ ձևավորելով անհանդուրժողականություն ընտրակաշառքի, ընտրական գործընթացում վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրակեղծիքների նկատմամբ:
Մրցույթի հաղթողը կստանա պարգև՝ HDR-CX190E մոդելի տեսախցիկ:
Պիեսները պետք է.
- գրված լինեն հայերեն լեզվով,
- խստորեն համապատասխանեն ֆորում թատրոնի ժանրային առանձնահատկություններին, կանոններին և ձևաչափին
- նախկինում բեմադրված չլինեն
- ծավալվեն մեկ գործողության (արար) շրջանակներում
- չգերազանցեն տպագիր 10 էջը
- նախատեսված լինեն 20-25 րոպե տևողությամբ ներկայացման համար
- ներառեն ոչ ավել քան 4 բեմական գործող անձ
- պահանջեն փոքր ծավալի դեկորացիա և քիչ բեմական պարագաներ
- պարունակեն որոշ հումորային տարրեր
Ներկայացած պիեսը պետք է լինի տվյալ հեղինակի մտքի սեփականությունը և չխախտի այլ անձանց հեղինակային իրավունքները (մրցույթի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում որևէ անձի հեղինակային իրավունքների խախտման համար): Կարող են օգտագործվել այլ հայտնի ստեղծագործությունների մոտիվներ, սակայն, առանձին վերցված դրանք պետք է լինեն նոր նյութեր և համապատասխանեն տվյալ մրցույթի պայմաններին: Ներկայացնելով իր ստեղծագործությունը՝ հեղինակը իրավունք է տալիս կազմակերպչին բեմադրել պիեսը, բեմադրման ընթացքում կատարել պիեսի որոշակի շտկումներ և ձևափոխություններ, ինչպես նաև՝ կազմակերպել դրա անսահմանափակ ցուցադրումներ ինչպես Երևանում ու Հայաստանի մարզերում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս:
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդներ:
Մրցույթին ներկայացվող նյութերը կգնահատի մասնագետներից կազմված ժյուրին: «Ժամանա՛կն է սթափվել» հակակոռուպցիոն քարոզարշավի շրջանակներում հայտարարված ֆորում թատրոնի համար գրված պիեսների մրցույթի ժյուրի անդամներն են.
- Աշոտ Ադամյան, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ
- Արմեն Օհանյան, արձակագիր
- Հայկ Սեկոյան, «Փոփոխությունների թատրոն» ՀԿ, հիմնադիր
- Նազարեթ Կարոյան, արվեստի քննադատ, «Ժամանակակից արվեստի ինստիտուտ», հիմնադիր տնօրեն
- Օլյա Ազատյան, «Artlab» խմբի անդամ
- Լաուրա Գևորգյան, «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ», ծրագրի համակարգող
Հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց պիեսի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև հեղինակի անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ (ներառված մեկ Microsoft Word ֆայլում) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով 2014 թ. հունվարի 20-ը` ժամը 10:00-ը: Ֆորում թատրոնի ժանրային առանձնահատկությունների, կանոնների և ձևաչափի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար գրել նույն հասցեով կամ զանգահարել Լենա Նազարյանին (010) 571399 կամ (093)707985 հեռախոսահամարներով:
Մրցույթն իրականացվում է «Ժամանակն է սթափվե՛լ» հակակոռուպցիոն քարոզարշավի շրջանակներում:

