PFA-ի նոր զեկույցը վերլուծում է Հայաստանում կոռուպցիայի դրսևորումները և ահազանգում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտության մասին
Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնը հրապարակել է «Երկրի իրավիճակը» շարքից հերթական զեկույցը՝ «Կոռուպցիան Հայաստանում»վերտառությամբ: Գիտության տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետների խմբի աշխատանքի արդյունք հանդիսացող այս զեկույցը լուսաբանում է Հայաստանում կոռուպցիայի դրսևորման խոշոր և մանր դեպքերի վրա և առաջարկում դրանց նվազեցման մեխանիզմներ:
Զեկույցի հիմնական եզրակացությունն այն է, որ Հայաստանի տնտեսության վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը ահռելի է: Օրինակ կոռուպցիայի հետ առընչված ընկերություններին նվիրված զեկույցի հատվածում բացահայտվում է, որ «մեծ ընկերությունների՝ կոռուպցիայի առաջացրած լրացուցիչ ծախսերը կազմում են դրանց տարեկան վաճառքի հինգ տոկոսը, որն ամենաբարձրն է համեմատված երկրների շարքում և քայքայում է ընկերությունների մրցունակությունն ու արդյունավետությունը»: Զեկույցը մատնացույց է անում, որ հանրային քաղաքականությունը մշակվում և իրականացվում է հիմնականում ամուր արմատներ ձգած կոռումպացված էլիտայի, այլ ոչ թե քաղաքացիների շահերը սպասարկելու համար:
PFA-ի գործադիր խորհրդի անդամ դոկտոր Զավեն Քալաջյանը նշեց որ «Իր բնույթից ելնելով, կոռուպցիան շատ դժվար է բացահայտել: Հենց այդ պատճառով էլ մեթոդների ընտրությունները և վերլուծության ոլորտները ընտրվել են շատ զգուշորեն՝ զեկույցն առավելագույնս արժեքավոր դարձնելու համար: Խումբը օգտագործել է ինչպես քանակական այնպես էլ իրական դեպքերի ուսումնասիրման մեթոդներ՝ Հայաստանի տնտեսության և հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ արդարադատությունից ու ռազմական ոլորտից մինչև փողերի լվացում և մանրածախ կոռուպցիա, ընդհանուր կոռուպցիայի և կաշառակերության մակարդակը առավելագույնս ճշգրիտ չափելու համար: Ամենաապշեցուցիչ բացահայտումն այն էր, որ կոռւոպցիան Հայաստանում խիստ կենտրոնացված է և ստեղծում է անհաղաթահերելի արգելքներ երկրի տնտեսական զարգացման և առաջընթացի համար»:
Զեկույցի հիմնական ուղերձը հետևյալն է. «Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների արդյուանվետ հաղթահարումը պետք է սկսվի լեգիտիմ իշխանության ձևավորումից, որ կկարողանա ժողովրդի անունից նոր քաղաքական կուրս իրականացնել: Այն կարող է իրականանալ միայն այնպիսի քաղաքական իշխանության դեպքում, որը կունենա կտրուկ համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կարողություն և դրդապատճառներ: Ներկայումս Հայաստանի իշխանության և ժողովրդի միջև հետադարձ կապը խզված է: Այն երկրում հաստատված ռեժիմին անհաղորդ է դարձնում ընտրազանգվածից եկող ճնշումների նկատմամբ և հիմնարար կերպով փոխում է իշխող բուրգի գագաթին գտնվող անհատների խթանները»:
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր և վերջերս շատ լայն տարածում գտած «Ինչու են ազգերը տապալվում. իշխանության, բարօրության և աղքատության արմատները» գրքի հեղինակ Տարոն Աճեմողլուն նշում է. «Ոմանք ասում են, որ Հայաստանը դատապարտված է տնտեսապես տապալվելուն իր աշխարհագրության և աշխարհում ունեցած տեղակայության պատճառով: Բայց աշխարհի ներկա և անցյալ շատ այլ երկրների նման դրա տապալումը պայմանավորված է կոռուպցիայով, անազնիվ քաղաքական գործիչներով և թույլ ինստիտուտներով: Հայաստանի դժբախտությունների հիմքը ոչ թե հնարավորությունների սահմանափակությունն է, այլ վատնված հնարավորությունները, և այն կարող է առաջադիմել բացառապես այս փաստին դիմագրավելու և անհաջողությունների համար պատասխանատուներին հաշվետու դարձնելու միջոցով: Այս հրաշալի զեկույցը առաջին քայլն է այդ ուղղությամբ»:
Երկրորդելով նշված կարծիքը, ԱՄՆ-ի Բերքլիի համալսարանի Տեղեկատվության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր ԱննաԼի Սաքսենյանը նշում է. «Այս տվյալներով հարուստ հետազոտությունը ներթափանցում է Հայաստանի կառավարման ներկա իրականությանը խորքը՝ իրականություն, որ երկար ժամանակ ստվերված է եղել: Այն հաստատում է, որ քաղաքական բարեփոխումները էական նշանակություն ունեն երկրի տնտեսական և սոցիալական զարգացման համար»:
Որպես լուծում, զեկույցը առաջարկում է Հայաստանում կոռուպցիայի նվազեցման ռազմավարություն, որ հիմնված է անհատի՝ կոռուպցիայի շնորհիվ սահմանափակված ազատությունների և հնարավորությունների խթանման սկզբունքի վրա: Ի լրումն, զեկույցը մանրամասն առաջարկություններ է ներկայացնում բարձր ռիսկային ոլորտներում կոռուպցիայի և ապաշնորհ կառավարման դեմ պայքարի ուղղությամբ: Այն նշում է, որ միջազգային հանրության և Սփյուռքի աջակցությունն անհրաժեշտ են Հայաստանի ժողովրդին՝ կառավարման բարելավման համար, իր դիրքերին կառչած կոռումպացված էլիտայի բարեփոխման կամ այդ դիրքերը լքել ստիպելու միջոցով: Երկրի ներսում անհրաժեշտ է վերնախավում իրենց դիրքերը չարաշահողներին պատժելու համար հավատ ներշնչող քայլեր ձեռնարկել: Դրանցից կարող են լինել արդարադատության համակարգի բարեփոխումն ու գողացված ունեցվածքի վերադարձման մեխանիզմների մշակումն ու հաստատումը:
Վերջինի հետ կապված զեկույցը քննարկման է ներկայացնում «Գողացված ունեցվածքի վերադարձման նախաձեռնություն» նախագիծը, որ կառուցվել է այլ երկների փորձի, ինչպես նաև նշված ոլորտը կարգավորող միջազգային իրավունքի դրույթների հիման վրա. նշված նախաձեռնությունը առաջարկում է Հայաստանում և դրանից դուրս պահվող ապօրինի կերպով յուրացված ունեցվածքի բացահայտման, վերադարձման և կառավարման կամ վերաբաշխման եղանակներ:
Այս զեկույցը նպատակ ունի խթանել Հայաստանում կոռուպցիայի մասին քննարկումներն և նախազգուշացնել կոռումպացված պաշտոնյաներին այն մասին, որ քաղաքացիական հասարակության կառույցները պատրաստ և կարող են աջակցել բացահայտելու գողացված ունեցվածքը՝ անկախ դրանց գտնվելու վայրից և վերադարձնել դրանք իրենց օրինական տերերին:
# # #
Policy Forum Armenia-ն 501(c)3 շահույթ չհետապնդող վերլուծական կենտրոն է, որ նպատակ ունի ամրապնդել Հայաստանի տնտեսական զարգացման և ազգային անվտանգության դիսկուրսը և այդպիսով աջակցել Հայաստանում արդյունավետ հանրային քաղաքականության իրականացմանը: PFA-ի այս և այլ զեկույցները, որոնք գնահատականներ են տալիս Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող առանցքային զարգացումներին, հասանելի են www.pf-armenia.org/reports հղումով: