Ս.թ. հունիսի 20-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փոխտնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել են «Հայաստանի հանրային հատվածում կոռուպցիայի իրավիճակի վերլուծություն» ծրագրի եզրափակիչ սեմինարին: Սեմինարը բացել և ողջույնի խոսքով ելույթ են ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Վարչապետը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացումն ու այդ ուղղությամբ մասնագիտական քննարկումները, որոնք հնարավորություն կտան մշակել հստակ ռազմավարություն և բացահայտել ճշգրիտ թիրախներ:

«Այդ տեսակետից, Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, որը մշակվել է Եվրամիության փորձագետների անմիջական մասնակցությամբ, տվել է իր դրական արդյունքները: Մասնավորապես, մենք, հիմք ընդունելով ԵՄ փորձագետների կարծիքը, ընդունեցինք քաղաքական որոշում և ամեն տարվա համար պետք է ունենանք 2-3 հստակ թիրախներ, միջոցառումների ծրագիր, որը պետք է հանրությանը ցույց տա մեր արձանագրած արդյունքները: Պետք է թիրախավորել շոշափելի, կարևորագույն 2-3 հիմնարար խնդիր և պրոֆեսիոնալ մասնագիտական վերլուծություն, թե այդ բնագավառներում որոնք են կոռուպցիան ծնող պատճառները և ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի վերացնենք դրանք»,- ասել է վարչապետը:

Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը թիրախավորել է երկու ոլորտ, որտեղ պետք է իրականացվեն հակակոռուպցիոն միջոցառումներ: Առաջինը դատական համակարգն է, երկրորդը՝ առողջապահության ոլորտը, որովհետև, ըստ Տիգրան Սարգսյանի, այն առնչվում է հազարավոր մարդկանց հետ:

«Հայաստանի հանրային հատվածում կոռուպցիայի իրավիճակի վերլուծություն» ԵՄ ծրագրի վերջնական զեկույցը ներկայացրել են ծրագրի թիմի ղեկավար Լոնդա Էսաձեն և կրտսեր փորձագետ Խաչիկ Հարությունյանը: ԹԻՀԿ ներկայացուցիչները մասնակցել են քննարկմանը: