«Մեդիա կենտրոնում» ՀԿ-երն ամփոփել են դիտորդության արդյունքները
Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների ներկայացուցիչները, այդ թվում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը «Մեդիա կենտրոնում» մասնակցել է մամուլի ասուլիսի: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմում ներգրավված էին ԹԻՀԿ-ը, Իրավունքի Եվրոպա միավորումը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և Հայաստանում ժողովրդավարության զարգացմամբ հետաքրքրված սփյուռքահայերի մի մեծ խումբ:
Նախաձեռնությունը դիտորդություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների և Նուբարաշենի մի փոքր հատվածի՝ 7, 8, 12, 13 ընտրատարածքներում՝ ծածկելով 113 տեղամասեր զույգերով: Նախաձեռնությունը 4 ընտրատարածքներում տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ մոտ 40 բողոք է նախապատրաստել և ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողովներին, մինչև ժամը 6:00-ը պատրաստվում է ներկայացնել բողոքներ և կտեսնենի, թե ԸԸՀ-ն և այնուհետև ԿԸՀ-ն ինչպես հետամուտ կլինեն:
Այդ ընտրախախտումները արձանագրվում էին ինտերնետային կայքում: Դրան հետևում էին ոստիկանությունը և ԿԸՀ-ն: Այդ նյութերը բավարար հիմք են, որպեսզի նրանք վարույթ հարուցեն իրենց իսկ նախաձեռնությամբ և իրավապահ մարմինները նույնպես քրեական գործեր հարուցեն իրենց նախաձեռնությամբ: Նախաձեռնությունը հիմա հետամուտ պետք է լինենի և դիտարկի թե նրանք ինչպես են դրսևորում իրենց այս ընտրություններից հետո:
Հերթական անգամ տեղի ունեցան խայտառակ ընտրություններ բազմազան ընտրախախտումներով: Առավոտից արձանագրվել են դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների խախտումներ, տեսանկարահանման հետ կապված խոչընդոտներ, սպառնալիքներ, հայհոյանքներ, հոգեբանական ճնշումներ, լարվածություն տեղամասերի մեծ մասում: Այն տեղամասերում, որ տարբեր քաղաքական ուժեր էին ներկայացված, կարծես իրար հակակշռում էին և կարողանում էին նորմալ գործընթացը ապահովել: Որոշ տեղամասերում թաղային հեղինակություններն էին իշխում: Հարցերը կարգավորվում էին ԱԺ պատգամավորի՝ Սամվել Ալեքսանյանի մակարդակով, որը կարող էր գալ ընտրատեղամաս և սաստել իր բանդայի ներկայացուցիչներին, որ այդ տեղամասից այլևս բողոքներ չլինեն: Դիտարկվել են կառուսելի դեպքեր, տարբեր գույնի գրիչների օգտագործման դեպքեր, կուտակումները համատարած էին, փոխադրամիջոցներով, այդ թվում երթուղային տաքսիներով բերվում էին մարդիկ տեղամասեր, քաշքշուկ, արդեն սովորական դարձած բազմակի քվեարկություն հայտնի ուռճացված ընտրացուցակների չարաշահման հետ կապված:
Ընդհանուր գնահատականը միանշանակ վատ է, մենք առաջ կարծես թե չենք գնում մեր ընտրությունների գործընթացներիբարելավման գործում: