ԹԻՀԿ-ը նախաձեռնում է քարոզարշավ՝ «Ստուգում եմ բացակաների քվեարկությունը»
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նախաձեռնում է քարոզարշավ՝ «Ստուգում եմ բացակաների քվեարկությունը» վերնագրով, որի նպատակն է ՀՀ ազգային ժողովից պահանջել փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում՝ ապահովելու ընտրություններին մասնակցողների ստորագրած ցուցակների հրապարակումը: Դա հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիներին հավաստիանալու, որ ընտրական գործընթացներում չեն օգտագործվում բացակա անձանց ձայները և կբարձրացնի մարդկանց վստահությունը ընտրության ինստիտուտի նկատմամբ:
Պահանջի հիմնավորում
Հայաստանում շատերը կասկածում են ընտրությունների ազնվությանն ու լեգիտիմությանը, քանի որ չեն վստահում ընտրողների ցուցակների ճշգրտությանը` համարելով դրանք քվեարկության արդյունքները կեղծելու հիմնական գործիք:
ՀՀ ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ ընտրողների ցուցակներում ընդգրկվում են Հայաuտանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները: Սա ներառում է նաև այն անձանց, ովքեր տարիներ առաջ մեկնել են Հայաստանից, սակայն դուրս չեն եկել հաշվառումից:
Ընտրացուցակների նկատմամբ թերահավատության պատճառ են հանդիսանում բազմաթիվ գործոններ.
-Չնայած Հայաստանում առկա բնակչության թիվը պակասում է, դրան զուգահեռ ավելանում է ընտրողների թիվը: Այսպես, Հայաստանում առկա բնակչության թիվը 2011թ. մարդահամարի տվյալներով կազմել է 2,871,771 մարդ, այսինքն՝ 194,157-ով պակաս քան 2001թ. մարդահամարով առկա բնակչությունն էր: Ընտրողների թիվը` համաձայն ՀՀ ոստիկանության 2013թ. տվյալների կազմել է 2,528,773 մարդ, այսինքն՝ 202,346-ով ավելի քան 2003թ. ընտրողների թիվը:
-2013թ.-ին հրապարակած ընտրացուցակների համաձայն առկա է 10,773 հասցե, որոնցում հաշվառված է 10 և ավելի ընտրող: Դրանցից 52-ում հաշվառված է ավելի քան 50, իսկ 17-ում` ավելի քան 100 ընտրող: Բազմաթիվ են ընտրողները, որոնք գրանցված են տարօրինակ հասցեներում (եկեղեցու բակ, գազալցակայան, թունել և այլն): Օրինակ՝ Քանաքեռի շրջանի թունելում գրանցված է 289 ընտրող:
-Ընտրողների թվաքանակը առկա բնակչության համեմատ կասկածելիորեն մեծ է որոշ մարզերում: Երևանում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ընտրողների թիվը կազմում է առկա բնակչության 74-78%-ը: Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում այն գերազանցում է 80%-ը, Կոտայքի և Շիրակի մարզերում` 90%-ը, իսկ Լոռու մարզում այն կազմում է 100.99%:
-2013թ. նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունըորոշ տեղատեղամասերում զգալիորեն բարձր էր երկրում գրանցված միջին ցուցանիշից: Այսպես, 597 տեղամասերում մասնակցությունը գերազանցել է ընտրողների 70%-ը, որոնցից 222-ում՝ 80%-ը, 49-ում` 90%-ը, իսկ 6-ում եղել է 100%-ից բարձր մասնակցություն: Քվեարկությանը ընտրողների մասնակցության աճին զուգահեռ արձանագրվել է Ս.Սարգսյանի օգտին ստացված քվեաթերթիկների էական աճ:
-Քվեարկության ընթացքում ընտրողների մասնակցության մասին երեք ժամը մեկ զեկուցվող պաշտոնական տվյալների համաձայն որոշ տեղամասերում արձանագրվել են գործնականում անհավանական մասնակցության տեմպեր: Այսպես, 886 տեղամասերում (տեղամասերի մոտ 45%-ում) ընտրողների թիվն առնվազն 3 ժամ շարունակվել է անհավանական արագությամբ` յուրաքանչյուր մասնակցի տրամադրելով 60 վայրկյանից պակաս ժամանակ` իրականացնելու քվեարկության ողջ գործընթացը: Զուգահեռաբար, այդ տեղամասերից 309-ում գրանցվել է ավելի քան 70%, 98-ում` ավելի քան 80%, իսկ 19-ում` ավելի քան 90% մասնակցություն:
-Անկախ դիտորդների և լրագրողների կողմից բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ կողմնակի անձինք մուտք գործելով ընտրատեղամաս ստորագրել ու քվեարկել են ուրիշների փոխարեն: Այս խախտումները տեղ են գտել տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անմիջական աջակցությամբ, որոնք միաժամանակ արգելել են ընտրացուցակների տվյալների ստուգումն ու համադրումը քաղաքացիների անձնագրային տվյալների հետ:
-ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրողների ստորագրած ցուցակները գաղտնի են: Հայաստանի քաղաքացիները հնարավորություն չունեն համոզվելու, որ երկրից տարիներ շարունակ բացակայող իրենց ծանոթներն ու բարեկամները չեն «հայտնվել և քվեարկել» ընտրությունների օրը: Ստորագրված ցուցակների հետ ծանոթանալու` վստահված անձանց, դիտորդներին և զանգվածային լրատվամիջոցներին ընձեռված սահմանափակ հնարավորությունները (միայն քվեարկության վերահաշվարկի դեպքում) թույլ չեն տալիս ապահովել արդյունավետ վերահսկողություն և հավաստիանալ չարաշահումների բացառման մասին:
Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումնառաջին և կարևորագույն քայլն է, որ ՀՀ իշխանությունները պետք է անեն ապացուցելու իրենց լեգիտիմությունըև վերականգնելու ընտրական գործընթացների նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահությունը: Ցուցակների հրապարակումը հնարավոր է ապահովել՝ կատարելով փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքի մեջ:Ստորագրված ընտրական ցուցակները և լրացուցիչ ցուցակները պետք է փակցվեն տեղամասերում և հրապարակվեն ինտերնետով` ներբեռնման և որոնման հնարավորությամբ՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ճշգրտել փաստացի ընտրողների անուններն ու վերահսկել գործընթացի օրինականությունը՝ բացառելով բազմակի քվեարկության կամ բացակա անձանց փոխարեն քվեարկության դեպքերը:
Լրացուցիչ հարցերով խնդրում ենք դիմել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն [email protected] էլ. փոստով կամ (37410) 569910 հեռախոսահամարով:
Տես Քարոզարշավի պահանջագրի ձևաթուղթը:

