Հակակոռուպցիոն խումբը կոչ է անում սփյուռքահայերին դիտորդություն իրականացնել Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Իրավունքի Եվրոպա միավորումը բաց նամակով դիմել են սփյուռքահայերին` կոչ անելով հանդես գալ որպես Հայաստանում իրականացվելիք ընտրություների դիտորդներ՝ սկսած Երևանի ավագանու մայիսին կայանալիք ընտրություններից:
Ս. թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունները ցույց տվեցին իշխանությունների նկատմամբ հայ ժողովրդի անվստահությունը և փոփոխություն կատարելու հրատապ պահանջը: Ընտրություններն, ինչպես միշտ, այս անգամ ևս ուղեկցվել են իշխանությունների կողմից կազմակերպված կոպիտ իրավախախտումներով՝ նախընտրական քարոզչության ողջ ընթացքում ընտրողների նկատմամբ կիրառված ճնշումներով, սպառնալիքներով, վարչական ռեսուրսի չարաշահումներով, ընտրակաշառքով: Ընտրության օրը թե՛ դիտորդները, թե՛ ընտրողներն ականատես են եղել կոպիտ ընտրախախտումների, ինչպես օրինակ՝ լցոնումների, բացակա քաղաքացիների փոխարեն բազմակի քվեարկության և արդյունքների կեղծման դեպքերի Հայաստանի բազմաթիվ ընտրատեղամասերում: Տեղական հանձնաժողովների անդամներից շատերը լիովին լծվել էին կեղծման գործընթացին, իսկ ընդդիմադիր թեկնածուներից շատերի վստահված անձինք կա՛մ ահաբեկման էին ենթարկվել, կա՛մ գործարքի մեջ մտել իշխող վարչակարգի հետ:
Ընտրության օրը անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ամենուր բազմաթիվ խախտումներ են բացահայտել, կանխել և զեկուցել: Ամենակոպիտ ընտրախախտման է ականատես եղել Դեպի Հայք ծրագրի մասնակից, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում պրակտիկա անցնող 21-ամյա ԱՄՆ քաղաքացի Նարինէ Իսմայիլին, ով Իրավունքի Եվրոպա միավորման դիտորդական առաքելության կազմում դիտորդություն է իրականացրել Արտաշատ քաղաքի թիվ 17/05 տեղամասում: Նարինէն բռնի հարձակման է ենթարկվել լցոնման դեպքը կանխելու և գրանցելու փորձ կատարելիս, երբ 20-30 երիտասարդներ ներխուժել են ընտրատեղամաս, կոպտորեն բռնել նրա թևերը և դեմ տվել պատին: Այդուհանդերձ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարի օգնությամբ ավազակախմբին հաջողվել է քվեատուփը լցոնել 400-500 քվեաթերթիկներով, որ էական ազդեցություն է ունեցել արդյունքների վրա ի օգուտ գործող նախագահի: Մյուս տեղամասերում լցոնման գործընթացն ավելի հարթ է եղել՝ նվազ չափով բռնության կիրառմամբ այնպիսի հնարքների գործադրմամբ, ինչպիսին է դիտորդների ժամանակավոր մեկուսացումը: Այսօրինակ համատարած խախտումների արդյունքում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 60.18 տոկոսը ,մասնակցելե է ընտրություններին, որոնց 58.64 տոկոսը ,ընտրել էե գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես հաղորդում են պաշտոնական աղբյուրները:
Ընտրություններից հետո քրեական գործ է հարուցվել ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կողմից: Սակայն հանցանքը բացահայտելու և դատապարտելու փոխարեն ՀՔԾ-ն ջանացել է քողարկել փաստերը: Գործով քննիչը ագրեսիվ պահվածք է դրսևորել՝ ջանալով հոգեբանական ճնշում գործադրել Նարինէի վրա, որպեսզի նա փոխի ցուցմունքը: ՀՔԾ պետն անգամ կոպտորեն միջամտել է հարցաքննության գործընթացին՝ խլելով ձայնագրիչը և արգելելով, որ Նարինէ Իսմայիլիի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանը ապացույց հավաքի գործողության ապօրինության վերաբերյալ: Հետագայում ևս ՀՔԾ ներկայացուցիչը շարունակել է վախեցնելու և ահաբեկելու մարտավարություն կիրառել, որպեսզի Նարինէն և Իրավունքի Եվրոպա միավորման ու Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իր փաստաբանները հրաժարվեն արդարության հետամուտ լինելու և ընտրակեղծիքի ճանաչման իրենց պահանջից:
Ընտրությունների դիտարկմանը Նարինէի մասնակցությունը և ընտրական գործընթացի օրինավորությունը պաշտպանելու նրա բարոյական ու անբասիր կեցվածքը վճռորոշ ազդեցություն ունեցավ Հայաստանում: ՀՀ սահմանադրական դատարանը թիվ 17/05 տեղամասում (ընդ որում, միայն այդ տեղամասում) տեղ գտած ընտրախախտումներն ընդունեց և քվեարկության արդյունքները ճանաչեց անվավեր, ինչը փոքր, բայցև ժողովրդավարական պետության կառուցման երազանքի իրականացման ուղղված կարևոր քայլ էր: Նրա խիզախությունն ու քաղաքացիական պարտքի զգացումը շատերին ստիպեցին ուշադրություն դարձնել ընտրակեղծիքների հիմնախնդրին ու խախտումները վերացնելու իշխանությունների դժկամությանը:
Հայաստանում ընտրությունները մշտապես աղավաղվում են, որն իր հերթին ազդում է ընդհանուր ժողովրդավարական գործընթացների վրա, նպաստում կոռուպցիայի ավելացմանն ու արտագաղթին, ինչպես նաև վտանգում երկրի ազգային անվտանգությունն ու պետականությունը: Քաղաքացիական հասարակությունը պետք է ավելի մեծ չափով և ակտիվորեն ներգրավվի ընտրական գործընթացի խթանման ու վերահսկման աշխատանքներում. գործընթաց, որին պետք է ներգրավվեն մեր քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի ապագայով մտահոգ ողջ աշխարհի մեր հայրենակիցները:
Կոչ ենք անում աշխարհասփյուռ հայերին, ինչպես նաև սփյուռքի կազմակերպություններին՝ խրախուսվեն և ակտիվորեն մասնակցեն Հայաստանում կայանալիք ապագա համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Հավատացած ենք, որ Նարինէի փորձը ընդլայնելով նոր թափ կհաղորդի ժողովրդավարությանն ուղղված Հայաստանի առաջընթացին: Ականատես լինելով, ձեր մտահոգությունը բարձրաձայնելով և ճշմարտությունը պաշտպանելով՝ դիտորդները կօգնեն Հայաստանի ժողովրդավարեցմանը՝ իրենց զգացմունքների շրջանակը ցեղասպանությունից անդին տարածելով:
Որպես առաջին քայլ կոչ ենք անում բոլոր ակտիվ հայերին ու սփյուռքի կազմակերպություններին համատեղել տեղական ոչ կառավարական կազմակերպությունների ջանքերը՝ դիտորդություն իրականացնելու ս.թ. մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում:
Դիտորդական առաքելությանը մասնակցելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար նախքան ս.թ. ապրիլի 10-ը դիմե՛ք Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:

