Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»-ին: Հարցազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել 2013 թ. ՀՀ նախագահական ընտրությունների որակին և հիմնական խնդիրներին, ընտրությունների դիտարկման անհրաժեշտությանը, բացահայտված ընտրախախտումներին, այդ թվում ուռճացված ընտրացուցակներին` հնարավոր հիմք տալով բազմակի քվեարկության համար, դիտարկման արդյունքում արձանագրված լցոնումների խնդրին, «կարուսելին», ինչպես նաև հնարավոր լուծումներ են առաջարկվել դրանցից խուսափելու համար, ներառյալ` ամբողջական դիտարկում անցկացնելը, փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքում:

2013 թ. ընտրությունների ամբողջական պատկեր ստանալու և փաստական ամբողջական նյութ ունենալու համար պետք էր ամբողջական դիտարկում անցկացնել: Այդուհանդերձ հայտնի է, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված են Հայաստանից հեռացած շատ մեծ թվով քաղաքացիներ: Համեմատելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալներում երկրի առկա բնակչության թիվը և ընտրողների ցուցակները՝ կարելի է տեսնել, որ բազմաթիվ համայնքներում ավելի շատ ընտրող կար, քան մշտական բնակիչ: Համայնքներից հեռացածները շարունակում էին մնալ այդ ցուցակներում, իսկ դա հիմք է բազմակի քվեարկության համար:

Այն տեղերում, որտեղ դիտորդություն էր իրականացվել, արձանագրվել են լցոնման շատ դեպքեր: Հայտնի է, որ 50-60 վայրկյանից արագ հնարավոր չէ քվեարկել` հաշվի առնելով Ընտրական օրենսգրքով սահմանված գործողությունները` երկու մատյանում 1000-ից ավելի ընտրողների դեպքում կամ 1000-ից պակասի դեպքում մեկ մատյանում ընտրողի անունը գտնելը, քվեախցիկ մտնելն ու քվեարկելը: Մինչդեռ կան տեղամասեր, որտեղ քվեարկությունը 40 վայրկյանից արագ է կատարվել: Այդ ամենն ամրագրելով դիտորդների դիտարկումներով` կարելի է շատ ուժեղ փաստարկ ներկայացնել բողոքարկման ժամանակ:

Առկա է կորելացիա մասնակցության և ստացված ձայների թվերի միջև, ինչը կապված է լցոնումների և բազմակի քվեարկության հետ: Նորմալ ընտրությունների դեպքում մասնակցության աճը չպիտք է անդրադառնա հիմնական թեկնածուների ստացած տոկոսների վրա: Օրինակ` եթե Սերժ Սարգսյանը ստացել է 58%, Րաֆֆի Հովհաննիսյանը` 37%, ապա անկախ նրանից, թե քանի տոկոս` 50%-ից ցածր, 50-60% և 70%-ից ավելի մասնակցություն է գրանցվել, պետք է լինի նույն թիվը: Սակայն, միայն 50%-ից ցածր մասնակցությամբ տեղամասերում է ստացվել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը նույնիսկ առաջին փուլում՝ 51% ձայնով: Եթե մասնակցության թիվը 50-70% է, ընդունելով, որ եղել է բազմակի քվեարկություն, ապա հստակ երկրորդ փուլի հարց կա: 72%-ից բարձր մասնակցության դեպքում գրանցվել է Սերժ Սարգսյանի հաղթանակ առաջին փուլում:

Եթե կա այդպիսի կորելացիա, այսինքն, երբ մասնակցության աճը ուղիղ համեմատական է որևէ թեկնածուի տոկոսներին, ինչ-որ բան հարցականի տակ է դրվում: Դրանք կարող են վկայել ոչ միայն հնարավոր լցոնումների, այլև՝ «կարուսելի» և այլ տիպի հնարավոր խախտումների մասին:

Քվեաթերթիկների թիվը ստորագրությունների թվից մեծ լինելը ակնհայտորեն խոսում է լցոնման մասին, և այդ թիվը նշվում է Ընտրական օրենսգրքում:

Աշնանը հրապարակած ԹԻՀԿ վերլուծության մեջ մատնանշվել է Ընտրական օրենսգրքի մի բաց: Եթե կա ավելի քիչ քվեաթերթիկ, քան ստորագրություն, կասկածներ կան, որ հնարավոր է, որ «կարուսել» է եղել: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ այդպիսի անճշտությունը զրոյացվում է: ԹԻՀԿ-ը 2012 թ. մայիսին շուրջ 13 հազ. նման դեպք է գրանցել ամբողջ Հայաստանով մեկ: Այն չպետք է զրոյացվի:

Իշխանությունների կողմից կամքի բացակայության պայմաններում մնում է հուսալ, որ այս թվերը ժամանակի ընթացքում հանրությանը, միջազգային կազմակերպություններին ներկայացնելով՝ ի վերջո ԹԻՀԿ-ը կհասնի նպատակին: