Շահագրգիռ կողմերի քննարկում ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով
Նախագահական ընտրությունների նախաշեմին կարիք կա ընտրական օրենսգիրքը լրամշակել այնպես, որ հանրության լայն շրջանակների վստահությունը մեծանա ընտրական գործընթացի նկատմամբ: Այդ մասին ս. թ. նոյեմբերի 26-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակության պահանջները` ազատ և արդար ընտրությունների ապահովման նպատակով» շահագրգիռ կողմերի քննարկման ժամանակ հայտարարել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը: ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով քննարկմանը ներկայացվել են ԹԻՀԿ, Իրավունքի Եվրոպա միավորում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ների առաջարկությունները:
Քանի որ բազմաթիվ ընտրախախտումներ թաքնված են հենց Ընտրական օրենսգրքում, ուստի առաջարկությունով հանդես եկած ՀԿ-ները հարկ են համարում որոշակի բարեփոխումներ կատարել նախքան 2013 թ. ՀՀ նախագահի ընտրությունը:
Մոտ երեք ժամ տևած քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ հանձնաժողովների, խմբակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դատաիրավական համակարգի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Տես ՀԿ առաջարկությունները ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով:

