Ս.թ. նոյեմբերի 9-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը վարել է Գերմանիայի Վիլմ կղզում տեղի ունեցած Մոդուլ 3-ի վերաբերյալ դասընթացի «Վատ կառավարում. բնական պաշարների կառավարման գործում կոռուպցիայի դերը և դրա դեմ պայքարի միջոցները» նիստը: Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների` շրջակա միջավայրի պահպանության ոլորտի ապագա առաջնորդների համար Կլաուս Թյոպֆերի անվան ծրագրի մոդուլ 3-ի կիզակետում «Բնության պահպանության ոլորտի կառավարումն ու քաղաքականությունն» է:

Դասընթացի ժամանակ քննարկվել են հետևյալ խնդիրները:
- Ի՞նչ է կոռուպցիան և ինչպե՞ս է այն ազդում բնության պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման վրա:
- Բնության պահպանության հատկապես ո՞ր ոլորտներում է կոռուպցիան վճռորոշ և վտանգավոր (անտառներ, որսորդություն, ենթակառուցվածքների զարգացում և այլն):
- Որո՞նք են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական մոտեցումները (ընդհանրապես և մասնավորապես հայաստանյան փորձը): Ի՞նչ հաջողված պատմություններ կան:

Մոդուլ 3-ը կենտրոնացած է բնության պահպանության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացների և կառուցվածքների հարցին` տեղական, ազգային և միջազգային մակարդակներում, ռեսուրսների խնայողությանն առնչվող սպառողի մոտեցումներին, կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ռազմավարական պլանավորման և բանակցությունների անցկացման խնդրին:

Դասընթացը կազմակերպվել է Բնության պահպանության Գերմանիայի դաշնային գործակալության կողմից Բնության պահպանության միջազգային ակադեմիայի հետ համատեղ` Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային ռեակտորների անվտանգության նախարարության ֆինանսավորմամբ: