ԹԻՀԿ-ը` ԲԿԳ Դուբրովնիկի հանդիպմանը
Ս.թ. հոկտեմբերի 4-5-ին Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության եվրոպական օգնության և աջակցման երկրորդ հանդիպմանը։ Հանդիպումը նպատակ ուներ ազգային ԲԿԳ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի և զարգացման ու լավագույն փորձի վերաբերյալ քննարկման ու փորձի փոխանակման միջավայր ստեղծել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու կառավարությունների միջև:
Դուբրովնիկի հանդիպումը առանձնակի կարևորություն ուներ ներկայացված գործողությունների ծրագրերի անդրանիկ վերլուծությունից քաղած դասերի վերլուծության ու այդ ծրագրերի իրականացման վեցամսյա փորձի փոխանակման առումով:
Բաց կառավարման գործընկերությունը բազմակողմանի նախաձեռնություն է, որի նպատակն է ապահովել, որպեսզի կառավարությունները կոնկրետ հանձնառություններ ստանձնեն` նպաստելու թափանցիկությանը, քաղաքացիներին օժտելու լիազորություններով, պայքարելու կոռուպցիայի դեմ և նոր տեխնոլոգիաներ կիրառելու կառավարումն ամրապնդելու նպատակով: Այն նպատակ ունի կառուցել ավելի թափանցիկ, ներառական և մասնակցային քաղաքականաստեղծ գործընթացներ, և նպաստում է քաղաքացիների, քաղաքացիական հասարակության և կառավարությունների լիակատար համագործակցությանը` խթանելու տնտեսական ու սոցիալական աճը: Առայժմ 55 կառավարություն է հանձն առել միանալու նախաձեռնությանը:

