«Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշել է, որ իր համար անակնկալ չէ, որ ՀՀ իրավապահները հրաժարվում են քննել «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր Պավել Անդերսոնի` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառքներ տալու մասին վերջին աղմկոտ հայտարարությունը: Երբ կոռուպցիայի մասին հայտարարությունը մնում է առանց քննության, բնական է, որ հասարակությունը ներկայացված տվյալները պետք է ընկալի որպես հաստատված փաստ: Այսպիսով, չհերքված փաստ է այն, որ Երվանդ Զախարյանը և նրա տեղակալ Կարեն Դավթյանը ու մի քանի տասնյակ դատավորներ հարյուր հազարավոր դոլարների հասնող կաշառքներ են վերցրել:

ՀՀ իշխանությունները որքան շատ են խոսում իրենց կողմից կոռուպցիայի դեմ պայքար ծավալելու մասին, Հայաստանում առկա կոռուպցիայի մասին բողոքները ավելի են շատանում: Այսինքն, համընդհանուր տպավորությունն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններին զուգահեռ` այս ախտը ավելի ու ավելի է հզորանում: Ըստ Վարուժան Հոկտանյանի` կոռուպցիայի մակարդակը աշխարհի տարբեր երկրներում բնութագրվում է «Կոռուպցիայի ընկալման համաթվի» ցուցանիշով: Տասը բալանոց սանդղակով, որտեղ զրոն բացարձակ կոռումպացված երկրներն են, իսկ 10-ը` կոռուպցիա չունեցողները, Հայաստանի վերջին` ամենաթարմ ցուցանիշը եղել է երեք:

Տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման ցուցանիշը վկայում է երկրում առկա համակարգային կոռուպցիայի մասին: Իրավիճակը դանդաղ, բայց հաստատուն ձևով գնում է դեպի վատը: ՀՀ իշխանություններն անցած տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի երկու ծրագիր են մշակել, բազմաթիվ օրենքներ են փոխել, բայց միևնույն է` այդպիսով խնդիրը չի լուծվում:

«Երբ կոռուպցիան երկրում համակարգային է, դրա դեմ պայքարի երկու ճանապարհ գոյություն ունի` իշխանափոխություն կամ էլ, ինչպես ընդունված է ասել, քաղաքական կամքի դրսևորում, երբ իշխանություններն իրենք են որոշում, որ իրավիճակը օրհասական է, և սկսում են արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես դա տեղի ունեցավ Սինգապուրում»: Սինգապուրի օրինակով` Հայաստանի իշխանությունների վերափոխվելու և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու տարբերակին Հոկտանյանը չի հավատում: Ներկա վարչակազմից կարելի է ակնկալել միայն մանր վարչական կոռուպցիոն երևույթների կրճատում:

Իսկ որպեսզի Հայաստանում իսկապես կոռուպցիայի դեմ պայքար տարվի, պետք է հասարակությունը դառնա ինքնակազմակերպված և սկսի ներքևից ճնշումներ գործադրել իշխանությունների վրա: Այն օրը, երբ Հայաստանի բնակիչը կդառնա քաղաքացի, այդ ժամանակ իրավապահները կսկսեն իրենց պարտականությունները կատարել, իսկ կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտոնյաներն էլ հրաժարական կտան:

Մանրամասների համար տես հոդվածը «Հայկական ժամանակ» օրաթերթում: