Քննարկվել է բարեփոխումների իրականացումը հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում
Ս.թ. հուլիսի 6-8-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է Վանաձորում կայացած «ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի դերը հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ» սեմինարին, որը կազմակերպել է Երևանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Նա հանդես է եկել «ԱլԳ ՔՀՖ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի բարեփոխումների գծով առաջարկությունների իրականացման ընթացքը հայաստանյան քաղաքացիական հասարակության տեսակետից» զեկույցով:
Սեմինարի աշխատանքներին մասնակցում էր և զեկուցումով հանդես է եկել ԱլԳ ՔՀՖ 1-ին աշխատանքային խմբի կոռուպցիայի դեմ պայքարի ենթախմբի ղեկավար Իվան Պրեսնյակովն Ուկրաինայից, ով ներկայացրել է տվյալ ոլորտում ՔՀՖ առաջարկությունների իրականացման ընթացքն Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրներում: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Եվրոպա» ծրագրի համակարգող Միքայել Հովհաննիսյանի զեկուցումը նվիրված էր կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին:
Տեղական ժողովրդավարական գործակալությունների ասոցիացիայի՝ գործունեության նպատակները և հեռանկարները ներկայացրել է կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դավիթ Դոլմաջյանը, իսկ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի համանախագահ Արմինե Թուխիկյանի զեկուցումը նվիրված էր Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ժողովրդավարացման ուղղությամբ տարվող աշխատանքին:
Սեմինարին ամփոփիչ զեկուցումով հանդես է եկել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ով ներկայացրել է ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորում-ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ կապերի ամրապնդման հնարավորությունները, Ֆորումի առաջիկա անելիքները և հեռանկարները:

