Թբիլիսիում քննարկվել է քաղաքացիական հասարակության վիճակը Հարավային Կովկասում
Ս.թ. հունիսի 19-ին Թբիլիսիում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հանդես է եկել ելույթով «Քաղաքացիական հասարակության վիճակը Հարավային Կովկասում» թեմայով խմբային քննարկման ընթացքում, որը կազմակերպվել էր Բաց հասարակության հիմնադրամների Կենտրոնական Եվրասիա ծրագրի կողմից: Քննարկման խնդիրներից մեկն էր վեր հանել, թե քաղաքացիական հասարակությունը իրավապաշտպան գործունեություն ծավալելու ինչ հնարավորություն ունի Հարավային Կովկասում:
Տվյալ խմբային քննարկման մյուս կարևոր խնդիրն էր ուսումնասիրել այն միջավայրը, որում գործում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, ներառյալ իրավապաշտպանների հանդեպ գործադրված բռնությունների և ՀԿ-ների` պետության միջամտությունից ազատ գործելու կարողություններին ուղղված բարելավվող կամ վատթարացող միտումները:
Միջոցառման ընթացքում գումարված մյուս խմբային քննարկումներն անդրադարձել են քաղաքականության վերլուծությանն ու հետազոտությանը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, սեփականության իրավունքների պաշտպանությանը Հարավային Կովկասում և այլն:

