Բեռլինում գումարվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ժողովը
Ս.թ. հունիսի17-19-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը մասնակցել է Բեռլինում կայացած ԹԻ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ժողովին: Միջոցառմանը մասնակցում էին ԹԻ ազգային մասնաճյուղերի և քարտուղարության ներկայացուցիչներ` նպատակ ունենալով հարթակ ապահովել տարածաշրջանային ուսանելի փորձի փոխանակման համար, որոշել հետագա համատեղ գործողությունների իրականացմանն ու ազդեցություն ապահովելուն ուղղված առաջնահերթություններն ու հնարավորությունները, գնահատել մինչ այժմ ձեռնարկված քայլերը` դասեր քաղելով անցյալի փորձից և նպաստելով ԹԻ շարժման ներսում տարածաշրջանային համագործակցությանն ու ինտեգրմանը:
Ժողովում քննարկվել է ԹԻ 2015 թ. ռազմավարության իրականացումը` հատուկ ուշադրություն դարձնելով, թե ինչպես նոր թափ հաղորդել մարդկանց ներգրավմանն ուղղված ԹԻ ջանքերին, ինչպես տարածաշրջանում ավելի մեծ ազդեցության հասնել` ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության ուղղությամբ օրինակ վերցնելով մեկը մյուսից` ելնելով մասնավոր հատվածի հետ աշխատանքի նոր մեթոդներից:
Ի թիվս ազգային մասնաճյուղերի և ԹԻ քարտուղարության միջև կապերի ամրապնդմանը, բազմաթիվ են այն հարցերը, որոնց շուրջ գիտելիքների և փորձի փոխանակում է տեղի ունեցել, ներառյալ` ֆինանսական կայունության, ֆոնդահայթայթման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում:

