ՀՀ ԱԺ և առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱլԳ ՔՀՖ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և պատշաճ կառավարում» 1-ին աշխատանքային խմբի hայտարարությունը
Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) 1-ին աշխատանքային խումբն իր մտահոգությունն է հայտնում 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների և դրա հետ կապված՝ ընտրությունների ինստիտուտի հանդեպ հասարակական վստահության մակարդակի առավել անկման վերաբերյալ:
Ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից արձանագրվեցին անօրինական գործողությունների բազմաթիվ փաստեր: Ընտրական գործընթացը ստվերեցին այնպիսի խախտումներ, ինչպիսիք են ընտրակաշառքի համատարած բաժանումը, այդ թվում՝ բարեգործության անվան տակ, վարչական ռեսուրսների չարաշահումը, գործատուների (ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցներում) ճնշումն իրենց աշխատակիցների նկատմամբ, ընտրություններում իրենց ցանկալի արդյունքներին հասնելու նպատակով վախի մթնոլորտի ահագնացումը երկրի մի շարք մարզերում, քաղաքական նպատակներով ուսումնական հաստատությունների, առողջապահական հիմնարկների օգտագործումը և քարոզարշավներին անչափահասների ներգրավումը:
Ողջ գործընթացի վրա էական ազդեցություն թողեցին ընտրացուցակների հետ կապված մեքենայությունները, այդ թվում՝ ծայրամասերի բնակիչների զանգվածային գրանցումները խոշոր քաղաքներում: Փաստորեն, ձախողվեց անձնագրերում նշում կատարելու վերաբերյալ օրենսդրական մեխանիզմը, որը նպատակ ուներ բացառել կրկնակի քվեարկությունը: Քվեարկությանը մասնակցածների ցուցակների հրապարակման մասին բազմաթիվ պահանջների մերժումը խորացրեց հասարակության կասկածը՝ արտասահմանյան երկրներում գտնվող (բնակվող) Հայաստանի քաղաքացիների քվեները կեղծելու վերաբերյալ:
Իրավապահ մարմինները, որպես կանոն, համարժեքորեն չարձագանքեցին ընտրախախտումների մասին հայտարարություններին։ Մեքենայությունների ապօրինի տեխնոլոգիաների լայն կիրառությունը և դրանց նկատմամբ պատշաճ հակազդեցության բացակայությունը լուրջ խոչընդոտ հանդիսացան ազատ կամարտահայտման համար՝ ընտրողների մի զգալի մասին դարձնելով զեղծարարության ակամա մասնակիցներ։
Չնայած այն բանին, որ հեռուստաընկերությունների կողմից նախընտրական գործընթացի լուսաբանումը նախորդ բոլոր ընտրությունների համեմատ զգալի առաջընթացի հասավ, ինչպես նաև կտրուկ նվազեցին բռնությունների և քվեաթերթիկների զանգվածային լցոնման դեպքերը, վերը հիշատակված խախտումները մեծապես վարկաբեկեցին ընտրական գործընթացը, կասկածի տակ դրեցին դրանց արդյունքում ձևավորված իշխանության մարմնի լեգիտիմությունը, դարձան հայ հասարակության շրջանում քաղաքացիական հուսահատության տարածման պատճառ։
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ընտրազանգվածի հուսահատությանը և քաղաքացիների ազատ կամարտահայտման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովման խնդրին։ Նկատի ունենալով 2013թ. փետրվարին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները, անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ` ընտրական գործընթացի օրենսդրական կարգավորման և վարչարարության ոլորտներում, նպատակ ունենալով՝
1. երկրի քաղաքացիներին համար ապահովել գործող իշխանություններն ընտրությունների միջոցով փոխելու իրավունքի հնարավորություն, ինչը Հայաստանում չի կատարվել 1990 թվականից ի վեր,
2. բացառել վարչական ռեսուրսների օգտագործումն ի նպաստ առանձին քաղաքական ուժերի` այդ երևույթի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացման միջոցով,
3. թույլ չտալ ընտրողների կաշառում, հայտնաբերել և պատժել առանձին անձանց, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել այն քաղաքական ուժերին, որոնք նման արգահատելի գործելակերպի են դիմում, այդ թվում նաև զուտ քաղաքական նպատակներով պայմանավորված «բարեգործական» ակցիաների միջոցով,
4. վերացնել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման արգելքը,
5. տարանջատել բիզնեսը և քաղաքականությունը, թույլ չտալ պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնավարումը համատեղել ձեռնարկատիրական գործունեության հետ,
Մենք կոչ ենք անում նաև Եվրամիության կառույցներին` լիարժեքորեն օգտագործել քաղաքացիական հասարակություն անկախ ինստիտուտների ներուժը` ընտրական արդար ընթացակարգերի ապահովման համար և Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին աջակցելու հարցում հանդես բերել հետևողական և սկզբունքային մոտեցում: