Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հանդես է եկել ընտրական օրենսդրության վերաբերյալ բանախոսությամբ ս.թ. ապրիլի 27-ին տեղի ունեցած քննարկմանը, որի ընթացքում ներկայացվել են «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագրի արդյունքները: 2012թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` ծրագիրն ամփոփել է նախորդ տարիների դիտարկման և չորրորդ գումարման Ազգային ժողովի 5-ամյա գործունեության հիմնական արդյունքները:

Չնայած միջոցառմանը հրավիրված էին պատգամավորներ ՀՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցություններից, սակայն բացակայում էին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները: Ներկա էին Անահիտ Բախշյանը` «Ժառանգություն» խմբակցությունից, Արամ Սաֆարյանը` ԲՀԿ-ից և Արա Նռանյանը՝ ՀՅԴ-ից:

Մոնիտորինգն իրականացվել է լրագրողական ու փորձագիտական խմբերի համագործակցությամբ: Դիտարկման արդյունքներն ամփոփվել են ըստ ԱԺ գործունեության մոնիտորինգի ենթակա երեք հիմնական (իրավունքների պաշտպանություն, տնտեսական, սոցիալական) ոլորտների և ըստ խորհրդարանական 5 քաղաքական ուժերի 5-ամյա աշխատանքի արդյունքների: Ամփոփումները ներկայացվում են երկու առանձին գրքույկներով:

Մոնիտորինգն իրականացվել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության փորձագիտական խմբի և «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի համագործակցությամբ` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի հեղինակները փաստում են, որ գործող խորհրդարանն իր օրենսդրական գործառույթն իրականացրել է ոչ լիարժեք և փաստացի կախվածության մեջ է եղել գործադիր իշխանությունից: Այն ոչ լիարժեք է իրականացրել իր վերահսկողական գործառույթը: Պետական անկախ մարմինների` ԱԺ-ին ներկայացրած տարեկան հաշվետվություններն ընդունվել են անվերապահորեն: ԱԺ-ն ոչինչ չի արել տվյալ ոլորտներում առկա ուսումնասիրության համար: