Որոշումները չեն անցել օրենքով սահմանված գործընթացներով
Քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ պայքարում են Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում իրականացվող շինարարության դեմ: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը լրագրողներին հայտնել է, որ եղել է Երևանի քաղաքապետի որոշում Աբովյան փողոցից ապամոնտաժված տաղավարների տեղափոխման և «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ին վարձակալությամբ տրամադրված` Մաշտոցի այգում տեղակայման վերաբերյալ:
Եթե կան քաղաքապետի կողմից ստորագրված այլ փաստաթղթեր, դրանք չեն անցել օրենքով սահմանված գործընթացներով և դրա համար պատասխանատու է հենց ինքը` Երևանի քաղաքապետը, «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ն: Տվյալ դեպքում Երևանի քաղաքապետի անգործության համար, քանի որ չի իրազեկել, որ նման փոփոխություն է լինելու, վարչական տուգանք է նախատեսվում, և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ՀՀ քաղաքաշինության պետական տեսչությանը, որ վարչական տուգանք կիրառեն քաղաքապետի նկատմամբ:
Մաշտոցի այգու տարածքը 1500 քառ. մետրից ավել է և ենթակա պետք է լինի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինչը չի արվել: Քաղաքապետի միակ հիմնավորումն այն է, որ դա համապատասխանում է գոտիավորման նախագծին և ժամանակավոր է: Մինչդեռ գոտիավորման նախագծում նշված չէ, որ կոնկրետ այդ այգում պետք է որևիցե, նույնիսկ ժամանակավոր, կառուցապատում իրականացվի մինչև 2020 թ.:
Գոտիավորման նախագծի տեքստային մասում գրված է, որ այգիներում կարող են մինչև 10 տոկոս կառույցներ լինել: Փետրվարի 15-ին տեղի ունեցած հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անգամ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է ասել, որ այգու կառույցները գերազանցում են 10 տոկոսը: Այդտեղ են տեղափոխվելու «Հին Երևանի» ապամոնտաժված շենքերը, և դա լինելու է «Հին Երևանի» մուտքը: Հանդիպման ընթացքում ասվել է, որ ինչ-որ ժամանակ անց այդ կրպակներն ապամոնտաժվելու են, այդ տարածքը դառնալու է կանաչ գոտի, ինչը համապատասխանում է գոտիավորման նախագծին:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կարծիքն այդ կապակցությամբ ճիշտ հակառակն է: Նախ, գոտիավորման նախագծում այդ տարածքի հետ կապված որևիցե կառուցապատում չի նախատեսվում: Գոտիավորման նախագծում ընդհանուր առմամբ կանաչ տարածքների մասին գրված է, որ կարող են լինել մինչև 10 տոկոսի հասնող կառույցներ: Սակայն այդտեղ այդ կառույցների զբաղեցրած մակերեսն արդեն 10 տոկոսից ավել է: