Ս.թ. հունվարի 30-ից փետրվարի 2-ը հայաստանյան քաղաքացիական հասարակության պատվիրակության կազմում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը շահերի պաշտպանությանն ուղղված այց է կատարել Բրյուսել: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կազմակերպած հանդիպումները Հարավային Կովկասի համար պատասխանատու Եվրոպական կառույցների կարևոր որոշում կայացնողների հետ նպատակ ունեն ներկայացնել մարդու իրավունքների, հաշվետվողականության, թափանցիկության, քաղաքական ազատությունների, կոռուպցիայի վերաբերյալ իրավիճակը Հայաստանում և քաղաքացիական հասարակության հետ հնարավոր համագործակցության ու աջակցության ուղիներ որոնել, որպեսզի նրանց ձայնը հասանելի դառնա պետական մարմիններին, լինի ազդեցիկ, հանրությանը լսելի և ընկալելի:

Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Եվրախորհրդարանի անդամների հետ, մասնավորապես Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների, Եվրոպայի ժողովրդական կուսակցության (Քրիստոնյա դեմոկրատներ), Սոցիալիստների և ժողովրդավարների առաջադիմական դաշինքի խմբերի, Եվրոպայի լիբերալների և ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչների հետ: Նրանք հանդիպել են նաև Եվրամիության ընդլայնման ու Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կաբինետի, Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշների բաժնի և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Կովկասի, մարդու իրավունքների բաժանմունքի ներկայացուցիչների, ինչպես նաև Արևելյան գործընկերության, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրախորհրդարանի քաղաքական խորհրդատուների հետ:

Այցի շրջանակում ս. թ. փետրվարի 1-ին կայացել է «Արդյոք 2012 թ. գարունը կլինի՞ արևելյան. ազատ և արդար ընտրությունների հեռանկարները Հայաստանում» թեմայով կլոր սեղան: Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանում կայանալիք ընտրությունների առջև ծառացած մարտահրավերները, անդրադառնալով այնպիսի խնդիրների, ինչպիսիք են կուսակցությունների ֆինանսավորումը, ընտրությունների կազմակերպումը և ընտրողների գրանցումը: Հայաստանի վերաբերյալ Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) առաջընթացի այլընտրանքային 2011 թ. զեկույցի հիման վրա տրվել են Հայաստանի ԵՀՔ գնահատականները և վերլուծության է ենթարկվել այն դերը, որ ԵՀՔ-ն կարող է խաղալ ընտրություններին առնչվող և այլ բարեփոխումների ուղղությամբ: