Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ու մի խումբ այլ հասարակական կազմակերպություններ ու նախաձեռնություններ բաց նամակ-հայտարարությամբ դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Դրանում ասվում է. «Մի քանի օր առաջ մի շարք լրատվամիջոցեր հաղորդեցին, որ Երևանի Մեսրոպ Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական ծածկված շուկայի շենքում սկսվել են շինարարական աշխատանքներ: Տեղում պարզվեց, որ ընթացքի մեջ են լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ այդ թվում և կանգուն շենքի միջնամասում ստորգետնյա հարկերի կառուցում:

Պարզվել է նաև, որ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում կատարվող աշխատանքները ոչ միայն չեն համաձայնեցվել Երևանի քաղաքապետարանի հետ, այլև պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ մշակույթի նախարարության հետ:

Երևանի կենտրոնական ծածկված (փակ) շուկան ունի թե' ճարտարապետական, թե' ճարտարագիտական մեծ արժեք, ինչպես նաև պատմական նշանակություն: Այն նախագծվել է ճարտարապետ Գ. Աղաբաբյանի (ում հարյուրամյա հոբելյանը նշվեց նախորդ տարի), և կոնստրուկտոր Հ. Առաքելյանի կողմից և արժանացել բազմաթիվ մրցանակների, հրապարակվել է Երևանի մասին գրեթե բոլոր հրատարակումներում:

Ելնելով այս ամենից պահանջում ենք.

- դադարեցնել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված (թիվ՝ 1.6.152) շինության տարածքում սկսված աշխատանքները,

- համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի` քննարկել նախագծային միջամտությունները ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանումներում,

- Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում լայն ու բազմակողմանի մասնագիտական քննարկման ներկայացնել նախագիծը, այդ թվում և հուշարձանի ներքին տարածությունում իրականցվող փոփոխությունները,

- Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի համաձայն իրականացնել հանրության իրազեկում և անհրաժեշտ քննարկումներ:

Լիահույս ենք, որ ի պատասխան այս գրության մեր հասարակությունը վկան կլինի նախորդ տարվա ընթացքում սկսված շրջահայաց և ըմբռնող մոտեցման ևս մեկ դրսևորման:

Խնդրում ենք Ձեր պատասխանն ուղարկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ գրասենյակ Երևան, Այգեստան 9-րդ փողոց, տուն 6 հասցեով, հեռ. 569910:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Հին և նոր քաղաք հիմնադրամ
Մեր քաղաքը ՀՔՆ
Մենք ենք այն քաղաքի տերը ՔՆ
Պահպանենք Հանրապետության հրապարակը ՔՆ
Պետական կարիքների զոհեր ՀԿ
ՈւրբանԼաբԵրևան
Փրկենք հուշարձանները նախաձեռնություն