Երևան, 9 դեկտեմբերի 2011 թ.: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը (ԲՀՀ-Հայաստան) կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը նշել են «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի շնորհման արարողությամբ, որը տրվել է սկզբունքային ու խիզախ գործունեություն իրականացրած և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձի: Միջոցառմանը ներկա էին քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների, պետական հաստատության ներկայացուցիչներ, Ամալյայի ընկերներն ու գործընկերները` հարգանքի տուրք մատուցելու Ամալյայի կենդանի հիշատակին և ներկայացնելու մրցանակի անդրանիկ դափնեկրին:

ԹԻՀԿ և ԲՀՀ-Հայաստանի համատեղ նախաձեռնությամբ սահմանվել է Ամալյա Կոստանյանի` մեր հասարակության ամենապայծառ դեմքերից մեկի անվան ամենամյա մրցանակ: Ամալյան եղել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի հիմնադիրը 2000 թ., որը հավատարմագրվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն շարժման կողմից` ներկայացնելու այդ շարժումը Հայաստանում: Ամալյան կազմակերպության նախագահն էր մեկ տասնամյակ` մինչև 2010 թ. իր հանկարծահաս մահը: Նա նաև եղել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի խորհրդի անդամ, իսկ 2008-2010 թթ.` խորհրդի նախագահը: Ամալյան հետմահու արժանացել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Խիզախ կին» մրցանակին:

ԲՀՀ-Հայաստանի փոխնախագահ Դավիթ Ամիրյանն ու ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն իրենց հուշերն են ներկայացրել Ամալյայի մասին` կարևորելով նրա դերը որոշումներ կայացնելիս և մարտահրավերներին դիմակայելիս: Ամալյայի կարծիքն ու խորհուրդները վճռորոշ էին բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան:

Ամալյայի գաղափարները էական են նաև նրանց համար, ում բախտ չի վիճակվել իրեն ճանաչելու, այդ թվում` Թրանսփարենսի Ինթերնեշնլի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աննա Կոխի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Դեյվիդ Ստիվենսոնի համար, ովքեր նույնպես նրա հիշատակն ու ժառանգությունը վառ կպահեն: Աննա Կոխը մեջբերում է կատարել Ամալյայի իսկ հարցազրույցից, ինչը խիստ օգտակար ու ոգեշնչող է այսօր: «Ի թիվս այլ գործոնների` կոռուպցիան ներկայումս խոչընդոտում է Հայաստանի քաղաքական կայունությունը, ժողովրդավարական զարգացումն ու տնտեսական աճը: Այն նաև խաթարում է հայ հասարակության բարոյական հենքը»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով Ամալյան մեր հասարակության աղն էր, որ հասարակությանը դարձնում է համեղ, հետաքրքիր, աշխույժ: Ամալյայի մահը մեծ կորուստ էր հայ հասարակության համար:

Դիմելով ԹԻՀԿ աշխատակիցներին` Ամալյայի եղբայր Հովհաննես Կոստանյանը նշել է. «Ես ցանկանում եմ, որ Ամալյա Կոստանյանի արած գործը դուք բոլորդ շարունակեք, ու գա մի օր, որ մենք էլ այդ գործի կարիքը չունենանք, այսինքն լինի օրինական ու անկաշառ հասարակություն»:

Վարուժան Հոկտանյանն ու Դավիթ Ամիրյանը խոսել են մրցանակի համար թեկնածության առաջադրման չափանիշների և թեկնածուի մասին: Մրցանակը հանձնվել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին: Նրա կարծիքով մրցանակն ինքը ծանր է, իսկ այն պահելը՝ ավելի ծանր: «Սակայն ես կտանեմ այդ ծանրությունը և կպահեմ այն իր անվանը համարժեք պատասխանատվությամբ», - ասել է Զեյնալյանը երախտիքի իր խոսքում: