Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի վերջերս հրապարակված զեկույցում Հայաստանին կոչ է արվել կոշտացնել պայքարը «կաշառառության ավանդույթի դեմ»:

Զեկույցում վերլուծության են ենթարկվել Հայաստանի առաջընթացը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանձնարարականների իրականացման ուղղությամբ այդ կազմակերպության` 2004թ. վերջին ստուգայցից հետո: Եզրահանգումների թվում են ներքոնշյալները:

- Կոռուպցիայի համար դատապարտման դեպքերի թիվը փոքր է, հատկապես՝ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, և ավելի մեծ ջանքեր պետք է գործադրվեն՝ քննելու կաշառառության մասին պնդումները և գործերը հասցնելու դատարան:
- Անհրաժեշտ է սերտացնել համագործակցությունը իրավապահ մարմինների և ‎ֆինանսական վերահսկողության հաստատությունների միջև:
- Համակարգի չարաշահումը նվազեցնելու և պետական պաշտոնյաների կողմից նվերներն ու գույքը հայտարարագրելու նպատակով պահանջվում է ավելի թափանցիկ և ավելի արդյունավետ մոնիտորինգի մեխանիզմ:
- Հարկ է արագ և ամբողջությամբ ապահովել շարքային քաղաքացիներին և հասարակական կազմակերպություններին անհրաժեշտ և տեղական մակարդակով հասանելի տեղեկատվությունը:
- Հայաստանում տարածված կաշառառության ավանդույթի դեմ պայքարելու համար երկրի ղեկավարությունը պետք է առաջնորդի և սատարի հակակոռուպցիոն ջանքերը՝ օրենքի կիրառման, հետագա օրենսդրական բարեփոխումների և հանրային իրազեկման արշավների համադրման ճանապարհով:

Զեկույցում տեղ են գտել նաև մի շարք դրական արձագանքներ առաջընթացի վերաբերյալ: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը շեշտում է, որ 2004 թվականից ի վեր Հայաստանը քայլեր է ձեռնարկել բարելավելու իր քրեական օրենսդրությունը և այն մոտեցնելու միջազգային չափանիշներին` ներառյալ պետական պաշտոնյաների սահմանումն ու գործուն ու պասիվ կաշառակերության քրեականացումը: Ուժեղացվել է հսկողությունը փողերի լվացման հանդեպ, մի շարք քայլեր են ձեռնարկվել քաղաքացիական ծառայության մեջ ազնվություն և շիտակություն ապահովող համակարգ հաստատելու համար, ներառյալ կադրերի համալրումը: Մի շարք պետական հաստատություններ մշակել են սեփական վարքականոններ և հիմնել են միջազգային կարգապահական հանձնաժողովներ: Ավելացել է պետական գնումների համակարգի թափանցիկությունը: Այդուհանդերձ, այդ միջոցառումներից շատերը միայն սկզբնական քայլերն են ճիշտ ուղղությամբ, և շատ բան է մնում անելու՝ ապահովելու համար քաղաքացիական ծառայության շիտակությունը և նվազեցնելու կոռուպցիայի բեռը հասարակական և գործարար կյանքի տարբեր բնագավառներում:

Զեկույցի ամբողջական տեքստին (առաջընթացի գնահատմամբ և յուրաքանչյուր հանձնարարականի վարկանիշերով) կարելի է ծանոթանալ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի կայքում` www.oecd.org/corruption/acn հասցեով: Հանձնարարականների կատարման հետագա ընթացքի վերաբերյալ կատարվող միջոցառումների մասին այլ երկրների շարքում Հայաստանը կհրավիրվի զեկուցելու 2007 — 2008թթ. նախատեսվող հանդիպումների ժամանակ: