ԹԻՀԿ-ը հանդես է գալիս որպես դիտորդ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ներկայացուցիչ Վախթանգ Սիրադեղյանը որպես ընդունող հանձնաժողովի դիտորդ ս.թ. հոկտեմբերի 3-4-ին մասնակցել է ՀՀ ոստիկանության ակադեմիային առընթեր ոստիկանության քոլեջի ընդունելության քննություններին, որի ընթացքում անց է կացվել համակարգչային թեստ դիմորդների գիտելիքների ընդհանուր մակարդակը, անձնային որակներն ու սոցիալական վարքի առանձնահատկությունները ստուգելու նպատակով, իսկ հոկտեմբերի 6-7-ին անց են կացվել ֆիզիկական պատրաստականության ստուգումներ:
Իսկ ս.թ. նոյեմբերի 1-2-ին և նոյեմբերի 7-10-ին ԹԻՀԿ ՀԿ ներկայացուցիչը մասնակցում է ՀՀ ոստիկանության ակադեմիային առընթեր ուսումնական կենտրոնի ընդունելության քննություններին որպես ընդունող հանձնաժողովի դիտորդ: ՀՀ ոստիկանության կրթական հաստատություններում ՀԿ-ների ներկայացուցիչների ընդգրկումն իրականացվում է ՀՀ ոստիկանության բարեփոխումների շրջանակներում, որը կյանքի է կոչվում ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցությամբ:
Այս քննակարգը կոչված է բացառելու քննություններին միջամտելու մարդկային գործոնը, այն է՝ կոռուպցիոն ռիսկերը, ապահովելու օբյետիվություն ու թափանցիկություն, դառնալու լուրջ խթան մասնագիտական բարձր որակներով օժտված ոստիկանական կադրերի պատրաստման գործում:

