Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի և Երևաննախագիծ ինստիտուտի հետ համատեղ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կազմակերպված հասարակական քննարկումն արժանացել է արձագանքի, և «Սիվիլնեթի» ս. թ. հոկտեմբերի 4-ի թողարկման հյուր ԹԻՀԿ նախագահ Սոնա Այվազյանը հանդես է եկել այդ մասին մեկնաբանություններով: Կազմակերպության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերը հանրային սեփականություն հանդիսացող կանաչ տարածքներն ու պատմամշակութային հուշարձաններն են:

Երևաննախագիծ ինստիտուտի կողմից արված նախագիծն ինքնին խնդրահարույց չէ ԹԻՀԿ-ի համար: ԹիՀԿ-ն ավելի շատ անհանգստացած է Երևանի գլխավոր հատակագծի նախագծի իրականացման գործընթացով: Փորձը ցույց է տվել, որ նախագծերը որպես կանոն մնում են թղթի վրա, իսկ իրականացման գործընթացն առանձին է աշխատում, և այդ ընթացքում կատարվում են բազմաթիվ անօրինականություններ կամ կամայականություններ, իսկ արդյունքում ստացվում է ոչ այն, ինչ որ նախագծված է եղել այդ փաստաթղթում: ԹԻՀԿ-ի կազմակերպած քննարկման առաջին նպատակը Երևանի գլխավոր հատակագծի նախագծի ճշգրտման գործընթացի վերաբերյալ հանրության շահագրգիռ ներկայացուցիչներին իրազեկելն էր, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց կարծիքը: Առաջարկություններն ամփոփվելու են ԹԻՀԿ-ի կողմից և ներկայացվելու են նախագծող թիմին, Երևանի քաղաքապետարանին, կառավարությանը (որը հաստատելու է փաստաթուղթը) և փորձաքննություն իրականացնող մարմիններին:

Ի պատասխան ինտերնետում տեղ գտած այն պնդմանը, թե քանի որ պարբերաբար փոփոխվում և ճշգրտվում է գլխավոր հատակագիծը, օրինականացվում են ապօրինի կառույցները կարծես թե անիմաստ է դառնում գլխավոր հատակագծի գոյությունը, Սոնա Այվազյանը տվել է հետևյալ մեկնաբանությունը` երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում: Մի կողմից քաղաքացիները կամայականություն են գործում` անօրինական շինարարություն են իրականացնում: Հետագայում միգուցե ուղեկցվելով կոռուպցոն գործընթացներով, այդ ապօրինություններն օրինական են դառնում: Մյուս կողմից կառավարությունը, որը օժտված է որոշումներ ընդունելու հայեցողական իրավասությամբ, օրինակ առանց մրցույթի տարածքներ տրամադրել, նպատակային նշանակություն փոփոխել կամ որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչել, չարաշահում է այն: Բազմաթիվ պատմամշակութային հուշարձններ ոչնչացվել են այն պատճառով, որ կառավարությունը բացառիկ` գերակա հանրային շահ է հռչակել կենտրոնի մի շարք տարածքներ;

Մի շարք տարածքների նպատակային նշանակություններ փոփոխվել են գլխավոր հատակագծերի ընդունման միջև ընկած ժամանակահատվածում: Փաստորեն կառավարությունն ըստ էության փոփոխություն է մտցնում գլխավոր հատակագծում, սակայն այդ փոփոխությունները չեն անցնում այն նույն ընթացակարգերով, ինչ որ գլխավոր հատակագծի հաստատման գործընթացը: Այդ հանգամանքը մտահոգիչ է, որովհետև կառավարությունը երբևիցե ստույգ հիմնավորումներով չի իրականացնում այդ գործընթացը, ինչը որպես կանոն մնում է գաղտնի կամ ոչ բացահայտված կամ ոչ բացատրված:

Սոնա Այվազյանի կարծիքով օրենսդրական փոփոխությունների կարիք կա` կառավարությանը պետք է զրկել որոշ հայեցողական որոշումներից կամ առնվազն այդ որոշումների ընդունման գործընթացը ավելի բարդացնել և հիմնավորումների նկատմամբ պահանջը ավելի ուժեղացնել: Գերակա բացառիկ հանրային շահի պահանջը պետք է ընկած լինի գլխավոր հատակագծերի հիմքում, այսինքն գլխավոր հատակագիծը արդեն պետք է ցույց տա, թե այսինչ տարածքը վերակառուցման կարիք ունի և այդտեղ կարելի է հայտարարել օտարման բացառիկ հանրային շահ և օտարել տարածքը, բնականաբար համապատասխան փոխանցումներով սեփականատիրոջը: Այդ դեպքերում հնարավոր կլինի կանխել անօրինականությունները: Որոշ դրույթներ առկա են օրենսդրության մեջ, սակայն դրանք չեն իրականացվում պատշաճ կերպով:

Ըստ Սոնա Այվազյանի հասարակական կազմակերպությունները, հատկապես այդ ոլորտներում աշխատող ՀԿ-ները պետք է ավելի շատ հետաքրքրվեն, ավելի շատ մասնագիտանան և ավելի լավ ծանոթանան այդ գործընթացներին, որովհետև այսօր նույնիսկ այդ ոլորտներին առնչվող ՀԿ-ները լավ ծանոթ չեն օրենսդրությանը, ընթացակարգերին և չեն կարողանում լիարժեք կերպով պահանջատեր լինել հասարակության իրավունքներին, թեկուզ որտեղ որ հասարակությանը պետք է մասնակից դարձնել որոշումների ընդունման գործընթացին, որպեսզի հասարակությանը կարողանա պահանջատեր լինել և պահանջել այդ նույն հիմնավորումները, նույն բացատրությունները կառավարությունից:

Իհարկե այսօր բավականին ակտիվացել են քաղաքացիները և շատ ավելի հետաքրքրվող են դարձել: Բայց դա հիմնականում ճշմարտություն է այն տարածքների համար, որտեղ կան անօրինական շինարարություններ, այսինքն այն դեպքերում, երբ քաղաքացին ինքը դառնում է տուժող և իր տարածքում գոյություն ունի ինչ-որ շինարարություն, քաղաքաշինական գործընթաց, որի դեմ ինքը սկսում է պայքարել: Այդ դեպքում ինքը ակտիվանում է և սկսում հետաքրքրվել այլ խնդիրներով, ինչը միգուցե բնական է: Բայց ավելի ցանկալի կլիներ, որ մարդիկ ուղղակի հետաքրքրվեին ոչ միայն իրենց տարածքի, այլ ընդհանրապես իրենց համայնքի, քաղաքի այլ հարցերով;

Ներկա նախագիծը տալիս է կանաչ տարածքների համապատասխան մակերեսներ, որոնք պետք է լինեն 2020 թ., քանի որ այն ներառում է մինչև 2020 թ. ժամանակահատվածը: Սակայն կանաչ գույնով ներկված մակերեսների բովանդակությունը կանաչ չէ, այսինքն այնտեղ շատ կառուցապատումներ կան: Այսօր Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում, որ պետք է ըստ քաղաքաշինական նորմերի լիներ մոտ 20 տոկոս կառուցապատում և 80 տոկոս կանաչ, այսօր մեզ մոտ հակառակ պատկերն է` կա մոտ 80 տոկոս կառուցապատում և 20 տոկոս կանաչ: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ այն կանաչ մակերեսները, որ գծագրված են նախագծում, իսկապես դառնան կանաչ մակերեսներ: Դա հնարավոր է անել քաղաքական կամքի առկայության դեպքում: Հնարավոր է օրինակ չերկարացնել պայմանագրերը այն կառուցապատողների հետ, որոնց ժամկետներն ավարտվում են: Կան բազմաթիվ այդպիսի կառույցներ նույն Կենտրոն համայնքում, որոնց ժամկետները ավարտվում են 2011, 2012, 2013 թթ. և պետք չէ երկարացնել նրանց հետ պայմանագրային ժամկետը: Նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ փողոցներում ապամոնտաժում էին առևտրականների կրպակները, որովհետև նրանց պայմանագրային ժամկետներն ավարտվում էին, նույն տրամաբանությամբ և նույն բացատրությամբ կարելի է ապամոնտաժել կանաչ տարածքներում, մասնավորապես օրինակ, օպերայի տարածքի կամ Օղակաձև զբոսայգու սրճարանները: Պարզապես կարելի է քայլ առ քայլ ապամոնտաժել և վերադարձնել տարածքը հանրությանը` ըստ էության տարածքի տիրոջը: