ԱլԳ ՔՀՀ հայաստանյան մասնակիցների հանդիպումը
Ս. թ. սեպտեմբերի 13-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը և գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել են Արևելյան գործընկերության քաղաքացիակական հասարակության համաժողովների հայաստանյան մասնակիցների հերթական հանդիպմանը: Միջոցառման ընթացքում իրավապաշտպան, մամուլի աջակցությամբ զբաղվող, կոռուպցիայի դեմ պայքարող, բնապահպանական և այլ ոլորտներում գործող ՀԿ ներկայացուցիչները քննարկել են Արևելյան գործընկերության առաջընթացի վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիտարկումները:
Հանդիպման մասնակիցների կարծիքով նախորդ տարիներին Եվրամիության հետ փոխգործակցության շրջանակներում բարեփոխումների ուղղությամբ ստանձնած պարտավորությունները Հայաստանի իշխանությունները մեծամասամբ իրականացրել են «ձևականորեն»:
Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է հակակոռուպցիոն քաղաքականության հետ կապված դիտարկումները և ընդգծել, որ կոռուպցիայի դեմ պայքարում շատ քիչ փոփոխություններ են արձանագրվել, որոնք եղել են հիմնականում օրենսդրական բնույթի: Մասնավորապես՝ հունիսին ընդունվել է օրենք «Հանրային ծառայության մասին», որն ուժի մեջ կմտնի 2012 թ. հունվարի 1-ից: Դրանում կան դրույթներ, որոնք «կարող են բերել լուրջ փոփոխությունների», սակայն հաջորդ քայլը պետք է լինի օրենքի կիրարկումը: