ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիան, որի անդամ է նաև Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, կոչ է անում Քենիայի իշխանություններին` հետաքննելու հանրային միջոցների յուրացման մեղադրանք ներկայացնող քենիացի ակտիվիստներին իրենց կազմակերպած խաղաղ ցույցի ժամանակ ահաբեկելուն ուղղված փորձերը:

2011 թ. հունիսի 23-ին և 29-ին Քենիայի Կրթության նախարարության շենքի դիմաց նստացույց անող ակտիվիստները հարձակման են ենթարկվել անծանոթ անձանց կողմից, որոնք նրանց վրա նաև շպրտել են կղանք և այլ աղտեղություններ: ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիան վերը նշված կոռուպցիոն սկանդալի հետ կապված այս միջադեպի մասին ստացել է մտահոգիչ զեկույց, լուսանկարներ և տեսագրություն:

2011 թ. հուլիսի 4-ին նույն ակտիվիստներից ոմանք հարձակման են ենթարկվել երիտասարդների մի ավազակախմբի կողմից, սակայն այս դեպքում վերջիններս հակահարված են ստացել միջադեպին ականատես քաղաքացիների կողմից: Երբ ակտիվիստները գնացել են միջադեպի մասին զեկուցելու մոտակա ոստկանական բաժանմունք, հերթապահ ոստիկանները սկզբում հրաժարվել են գրանցել նրանց բողոքը, և ավելի ուշ գրանցել են միայն հասարակայնության բողոքների ճնշման ազդեցությամբ: Դրանից հետո տարբեր անծանոթներ փողոցում մոտեցել են ակտիվիստներին` «Ձեր վերջը կտանք» սպառնալիքներով:

ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիան դատապարտում է ահաբեկման այդ փորձերը և կոչ է անում Քենիայի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել ներառյալ հարձակումների ամբողջական հետաքննությունը և ապահովել պատշաճ պաշտպանություն նշված միջադեպերում ներքաշված այն ակտիվիստներին, որոնց անվտանգությունը շարունակական սպառնալիքի տակ է: Կոալիցիան տեղեկացել է, որ հունիսին տեղի ունեցած միջադեպի արդյունքում կասկածյալ երկու հարձակվողների նկատմամբ դատարանը մեղադրանք է հարուցել: Մենք ողջունում ենք այդ քայլերը, որոնք ձեռնարկվել են ի պատասխան այդ հարձակումներին և կոչ ենք անում Քենիայի իշխանություններին` անցկացնելու բոլոր հարձակումների ամբողջական հետաքննություն:

Մենք նաև հորդորում ենք, որ Քենիայի կառավարությունը ականջալուր լինի ակտիվիստների կոչին հանուն արդարության և կոռուպցիայի դեմ ավելի վճռական պայքարի, մասնավորապես իշխանություններին ուղղված կոչին` ամբողջական քննության առնելու յուրացված միջոցների վերաբերյալ մեղադրանքները և պատասխանատվության կանչելու համապատախան պաշտնյաներին: Նման քայլերը համահունչ են ՄԱԿ-ի Կոռուպցիայի կոնվենցիայով ամրագրված Քենիայի պարտավորություններին, և մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերին այդ թվում` Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան խարտիային:

Ցուցարարները փորձում են հասնել կրթության նախարարի հրաժարականին և Քենիայի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների թափանցիկ ու անկախ քննության անցկացմանը: Համաձայն այդ տվյալների, Քենիայի կրթական համակարգի աջակցության ծրագրին հատկացված մոտավորապես 4.62 միլիարդ քենիական շիլինգ (մոտավորապես 54.74 միլիոն դոլար) գումարը յուրացվել է Քենիայի կրթության նախարարության կողմից: Քենիայի հակակոռուպցիոն հանձնաժողովը պահանջել է դրա համար պատասխանատու կրթության նախարարի հրաժարականը: