Ս.թ. հունիսի 30-ից հուլիսի 2-ը Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի դերը հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ» թեմայով սեմինարին: Նա ներկայացրել է «ԱլԳ ՔՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի բարեփոխումների գծով առաջարկությունների իրականացման ընթացքը հայաստանյան քաղաքացիական հասարակության տեսակետից» զեկույցը: Սեմինարը կազմակերպել էր Երևանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Սեմինարին մասնակցել են հայաստանյան տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ: Ակտիվ քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները: Սեմինարը լուսաբանվել է Գյումրիի առաջատար՝ «Ցայգ» և «Գալա» հեուստաընկերությունների կողմից: Սեմինարին ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գևորգյանը:

Սեմինարի մյուս բանախոս Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը հանդես է եկել «ԱլԳ ՔՀՀ հանրային կառավարման գծով առաջարկությունների իրականացման ընթացքը հայաստանյան քաղաքացիական հասարակության տեսակետից» զեկույցով: Իր զեկույցում նա հատկապես կարևորել է համայնքների խոշորացման գործընթացը, ինչը կնպաստի հանրային կառավարման ոլորտում բնակչության ակտիվ մասնակցությանը:

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի համանախագահ Արմինե Թուխիկյանը ներկայացրել է «Հանրային կառավարման ոլորտում ԱլԳ ՔՀՀ-հայաստանյան ՔՀԿ-ներ կապերի ամրապնդման հնարավորությունները» զեկույցը: Ուկրաինայում PAUCI հիմնադրամի փոխնախագահ Սվյատոսլավ Պավլյուկը և Մադրիդի FRIDE միջազգային հետազոտական կենտրոնի հետազոտող Նատալյա Շապովալովան իրենց փորձն են փոխանակել սեմինարի մասնակիցների հետ` ներկայացնելով ԱլԳ ՔՀՀ հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտների բարեփոխումների գծով առաջարկությունների իրականացման ընթացքը:

Ամփոփիչ խոսքով հանդես են եկել լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ԱլԳ ՔՀՀ հայաստանյան ՔՀԿ-ներ կապերի ամրապնդման հնարավորությունները» զեկույցով: Նա կարևորել է ԱլԳ վեց երկրների միջև համագործակցությունը և երրորդ երկրների դերը ԵՄ և ԱլԳ հարաբերություններում: