2011 թ. հունիսի 17-ին կայացել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) խորհրդի ժողովի արտահերթ նիստ, որին էլեկտրոնային ձևով մասնակցել են ԹԻՀԿ նախագահ Սոնա Այվազյանը, անդամներ Սուրեն Սաղաթելյանը, Դավիթ Սարգսյանը, ինչպես նաև ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և կազմակերպության աշխատակից, խորհրդի նիստի քարտուղար Քրիստինե Մարգարյանը: Օրակարգում նոր ձևավորվող Քաղաքացիական հասարակության զարգացման ցանցի խորհրդի կազմում որպես անդամ ԹԻՀԿ-ի ներգրավման և Ամալյա Կոստանյանի մրցանակի դիզայնի համար 250000 ՀՀ դրամ սահմանման հարցերն էին:

Սոնա Այվազյանը տեղեկացրել է, որ ԹԻՀԿ-ը հրավեր է ստացել Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի կողմից` ներգրավվելու նորաստեղծ Քաղաքացիական հասարակության զարգացման ցանցի խորհրդի կազմում որպես խոհրդի անդամ: Քաղաքացիական հասարակության զարգացման ցանցի հիմնական առաքելությունը Հայաստանում քաղաքացիական հասարակության համար նպաստավոր միջավայր ապահովելն ու դրա դերը հասարակության մեջ բարձրացնելն է:

Երկրորդ հարցի կապակցությամբ Սոնա Այվազյանը տեղեկացրել է, որ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան-ի գրասենյակն առաջարկել է, որ Ա. Կոստանյանի մրցանակի դիզայնի համար սահմանվի 250000 ՀՀ դրամ 150000 ՀՀ դրամի փոխարեն: Խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել երկու որոշումներին: