Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկացնել, թե Հայաստանի ո՞ր բնակավայրերում է խափանվել վարչապետին սպասարկող ծառայողական մեքենան և որքա՞ն գումար է հատկացվել վերանորոգման համար: Հարցման նպատակն էր կատարել հաշվարկներ և պարզել՝ արդյո՞ք, ինչպես պնդում է Փաշինյանը, բյուջեի համար առավել շահեկան է նոր ավտոմեքենա գնելը, քան հները վերանորոգելը:

Փաշինյանի բնորոշմամբ՝ Երրորդ հանրապետության մեջ ամենաթափանցիկ կառավարությունը, սակայն, Ֆակտորի գրավոր հարցումը մերժել է, տեղեկությունները չեն տրամադրվել՝ դրանք համարելով ծառայողական և պետական գաղտնիք: Այս իրավիճակում քաղաքացին կա՛մ պետք է հավատա Փաշինյանի ազնիվ խոսքին, կա՛մ մնա չփարատված կասկածներով, քանզի ո՛չ մեքենաների խափանման, ո՛չ դրանց վերանորոգման վերաբերյալ մանրամասներ չեն փոխանցվում: Հիշեցնենք՝ դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն արվեց, որի համաձայն՝ ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ծախսերը համարվում են պետական գաղտնիք:

Ալեն Սիմոնյանը ևս չի տրամադրում տեղեկություններ, թե որքան գումար են ծախսել վերանորոգումների համար, որպեսզի հնարավոր լինի վերլուծել՝ արդյո՞ք գնելն է շահավետ, թե՞ վերանորոգելը: Վարչապետի և Ազգային ժողովի աշխատակազմերի կողմից պետական պաշտոնյաներին սպասարկող տրանսպորտային միջոցների ծախսերի մասին տեղեկությունները չտրամադրելը, ըստ ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանի, կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Ուշագրավ է, որ վարչապետի աշխատակազմը պետական գաղտնիք է համարել նաև այն բնակավայրերի անունները, որտեղ, ըստ Փաշինյանի, մեքենաները խափանվել են և «բրթել-խոդի գցելու» անհրաժեշտություն է առաջացել: Վարուժան Հոկտանյանն արձանագրում է՝ բաց և թափանցիկ կառավարման մասին հեղափոխական խոստումներ տվող իշխանություններն այլևս այնքան էլ հեղափոխական չեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: