Գլխավոր էջ Նորություններ Կարծիք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ
Նորություններ
2021 Դեկ
28

Կարծիք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ

ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում (հետայսու՝ Դատական օրենսգիրք) և “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:[1]  

Նախագծով առաջարկվում է Դատական օրենսգրքումտարել փոփոխություններ՝ ավելացնելով ինչպես Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների, այնպես էլ դատավորների լիազորությունները դադարեցնելու հիմքերը: Նույնաբովանդակ փոփոխություն առաջարկվում է կատարել նաև Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքում:

Մասնավորապես, առաջարկվում է Դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը վերաշարադրել նոր խմբագրությամբ, այն է՝

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են.

Անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում: Սույն կետով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում է համարվում նաեւ դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտոով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել տասնհինգ տարի:

Նմանապես, նախատեսվում է Դատական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետը շարադրել նոր խմբագրությամբ: Այն է՝

2.Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա`

Խախտել է անհամատեղելիության պահանջները: Սույն կետով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում է համարվում նաեւ դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել տասնհինգ տարի:

Նախագծով նախատեսվող «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունները իրենց հերթին առաջարկում են օրենքի 12-րդ մասի առաջին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

1) «խախտել է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները: Սույն կետով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում է համարվում նաև դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել տասնհինգ տարի»:

Առաջարկվող փոփոխությունները խնդրահարույց են հետևյալ հիմնավորումներով.

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի 2021 թվականի նոյմեբերի 5-ի կարծիքի 36-րդ կետի համաձայն՝ Դատական խորհուրդների անդամները պետք է ընտրվեն ֆիքսված ժամկետով և պետք է անկողմնակալության ու անկախության համապատասխան երաշխիքներ ունենան: Անդամները պետք է պաշտպանված լինեն արտաքին ու ներքին ճնշումներից:[2] Խորհուրդը վերահաստատել է նաեւ, որ Դատական խորհուրդներում նշանակված դատավորները պետք է նույն պաշտպանությունը ունենան ինչ դատական գործառույթներ իրականացնող դատավորները՝ ներառյալ ծառայության ու պաշտոնավարման ժամկետի պայմանները, կարգապահական պատասխանատվության, պաշտոնից ազատման և կասեցման դեպքում արդար դատաքննության իրավունքը: Դատական խորհրդի անդամները պաշտոնից կարող են հեռացվել ապացուցված լուրջ խախտման հիմքով համապատասխան ընթացակարգով, որտեղ պաշտպանվում են արդար դատաքննության երաշխիքները[3]:

Անդրադառնալով դատավորի պաշտոնի հետ անհամատեղելիության պահանջներին՝ Վենետիկի հանձնաժողովն արձանագրվել, որ դատավորները պետք է չդնեն իրենց այնպիսի իրավիճակում, որում նրանց անկախությունը կամ անկողմնակալությունը կարող է կասկածի տակ դրվել: Սա արդարացնում է դատական պաշտոնի հետ այլ գործունեության անհամատեղելիության ներպետական կանոնները, այդ թվում՝մի շարք երկրներում դատավորի կողմից քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակումը:[4]

Նույն կերպ, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը Դատավորի պրոֆեսիոնալ վարքագծի, մասնավորապես՝ էթիկայի նորմերի, դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի վարքագծի և անաչառության սկզբունքների մասին թիվ 3 կարծիքում ևս փաստել է, որ դատավորի գործունեության առանձնահատուկ բնույթը և անհրաժեշտությունը պահպանելու պաշտոնի արժանապատվությունը և պաշտպանելու դատավորին ցանկացած տեսակի ճնշումներից ենթադրում է, որդատավորը պետք է գործի այնպես, որ բացառվեն շահերի բախումն ու լիազորությունների չարաշահումը: Սա պահանջում է, որ դատավորները ձեռնպահ մնան այլ մասնագիտական գործունեությունից, որոնք կարող են շեղել նրանց իրենց դատական պարտականություններից կամ ստիպեն նրանց իրակակացնել այդ պարտականությունները կողմնապահորեն: Որոշ պետություններ դատական պաշտոնի հետ անհամատեղելիության կանոնները հստակորեն ամրագրում են դատավորների կանոնադրությունում և դատական իշխանության անդամներին արգելված է իրականացնել ցանկացած այլ մասնագիտական կամ վճարովի աշխատանք: Բացառություններ են արվում կրթական, հետազոտական, գիտական, գրական կամ գեղարվեստական գործունեության համար[5]: Խորհուրդը գտնում է, որ դատավորի մասնագիտական վարքագծի կանոնները պետք է սահմանեն այնպիսի պահանջներ համաձայն որոնց դատավորները պարտավոր են խուսափել ցանկացած գործունեությունից, որը կարող է խաթարել իրենց պաշտոնի արժանապատվությունը, և պահպանել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ՝ նվազագույնի հասցնելով շահերի բախման ռիսկը: Այդ նպատակով, նրանք պետք է ձեռնպահ նման ցանկացած լրացուցիչ մասնագիտական գործունեությունից, որը կսահմանափակի նրանց անկախությունը և կվտանգի նրանց անաչառությունը:

Այսինքն, դատավորի պաշտոնի հետ անհամատեղելիության պահանջները վերաբերում են դատավորի պաշտոնին զուգահեռ անձի այլ գործունեությանը, որը կարող է վտանգել վերջինի անկախությունը և անաչառությունը՝ որպես դատավոր, խաթարել դատավորի պաշտոնի հեղինակությունը, ազդել դատավորի գործունեության արդյունավետությանը, ողջամիտ ժամկետներում իրականացմանը:

Դատավորի կարգավիճակի և դրանից բխող դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջների վերաբերյալ կարգավորումները նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ՝ ՀՀ Սահմանադրության 164-րդհոդվածի 6-րդ մաս, Դատական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մաս, 159-րդ հովդածի 2-րդ մասի 1-ին կետ, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 4-րդ, 7-րդ, 19-րդ, 31-րդ հոդվածներ:

ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

Դատական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը ևս սահմանում է, որ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Նման պայմաններում, նախագծով առաջարկվող անհամատեղելիության նոր պահանջը չի բխում ինչպես ՀՀ ներպետական օրենսդրական կարգավորումներից, այնպես էլ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ միջազգային չափանիշներից տրամաբանությունից:

Նախագծով առաջարկվում է ԲԴԽ անդամների, այնպես էլ դատավորների համար անհամատեղելիության հիմքով լիազորությունների դադարեցման հնարավորություն դատավորի կողմից Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստով:

Այսպես, օրինակ Մարդու իրավունքների  եվրոպական կոնվենցիան վավերացնելուց հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանի /ՄԻԵԴ/ կողմից Հայաստանի Հանրապետության դեմ  կայացվել է ընդհանուր առմամբ 137 վճիռ, որից 126-ով արձանագրվել է մարդու իրավունքների խախտում[6]:

ՀՀ մասնակցությամբ մարդու իրավունքների խախտումների քննության իրավասություն ունեցող միջազգային դատարանների կամ այլ միջազգային ատյանների, այդ թվում՝ ՄԻԵԴ կողմից որևէ կերպ չի քննարկվում և որոշում չի կայացվում ներպետական դատավորի անհատական պատասխանատվության հարցի, առավել եւս դատական համակարգի որևէ օղակի դատավորի մեղքի  հարցի վերաբերյալ:

Նույնիսկ այն դեպքերում, երբ, օրինակ, ՄԻԵԴ կողմից նշվում է կոնկրետ դատավորի անունը, որի դատական  ակտով կամ գործողությամբ/անգործությամբ թույլ է տրվել մարդու իրավունքների խախտում, ՄԻԵԴ կողմից որևէ որակում և գնահատական չի տրվում դատավորի կողմից խախտման թույլ տրման մեղքի վերաբերյալ:

Նման պայմաններում, չնայած նախագծում օգտագործվում է <<Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը>> առանց միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացված ակտով դատավորի մեղավորությանը տրված հստակ որակման կամ գնահատականի, դատավորի մեղքը, այդ թվում՝ իրավունքի խախտման դիտավորությունը, միտումնավորությունը, ենթակա կլինի ներպետական իրավասու մարմինների կողմից մեկնաբանման:

Նման հնարավորությունը կարող է հանգեցնել դատավորի մեղքի կամայական մեկնաբանության, հատկապես հաշվի առնելով ենթադրյալ խախտում թույլ տալու վաղեմությունը (հաշվի առնելով ներպետական դատական ատյաններում և մջազգային դատարանում կամ այլ ատյանում քննությունը):

Ավելին, միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ակտի կայացումը ենթադրում է ներպետական բոլոր ատյանների սպառման արդյունքում գործընթացի հանգուցալուծում, ինչի պայմաններում հարց է ծագում, թե կոնկրետ որ ատյանի դատավորը պետք է ենթարկվի պատասխանատվության, եթե ներպետական դատարանների կողմից մարդու իրավունքների խախտում է թույլ տրվել, և դա չի վերացվել վերադաս ատյանների դատավորների կողմից:  

Նման պայմաններում, առաջարկվող փոփոխությունը ռիսկեր է պարունակում դատավորների նկատմամբ խտրական և ընտրողական կիրառելիության գործիք դառնալու՝ խաթարելով դատական իշխանության և դատավորների անկախությունը:

Առաջարկվող փոփոխության հետադարձ ուժի վերաբերյալ

Օրենքներում առաջարկվող փոփոխություններին նախատեսվում է տալ հետադարձ ուժ՝ սահմանելով, որ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չպետք է անցած լինի 15 տարի:

Բնավ չթերագնահատելով փոփոխության հեղինակների կողմից առաջ քաշված օրենսդրական փոփոխությունների հիմնավորումները, մասնավորապես, դատական իշխանության նկատմամբ վստահության հանրային շահի կարևորությունը, այնուհանդերձ փոփոխությանը հետադարձ ուժ տալը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը սահմանում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Այս առնչությամբ նախագծի հեղինակները իրենց հիմնավորմամբ նշում են, որ հետադարձության արգելքի պահանջը խստորենպահպանելը վերաբերում է քրեական օրենքին, մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝պայմանավորված որոշակի հանգամանքներով: Նախագծի հեղինակները հղում են ամերիկյան և անգլիական դատական պրակտիկային, որոնք որևէ իրավական հիմք ՀՀ ներպետական դատական պրակտիկայի և Սահմանադրության մեկնաբանման համար չունեն:

ՀՀ Սահմանադրությունը որևէ տարանջատում իրավունքի ճյուղերի միջև չի կատարում և չի մասնավորեցնում կոնկրետ իրավահարաբերություններում անձի վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ կիրառելիության հնարավորությունը: Հետևաբար, անձի, այդ թվում՝ դատավորի, վիճակը վատթարացնող, տվյալ դեպքում պատասխանատվության, նրա լիազորությունները դադարեցնելու նոր հիմք նախատեսող անհամատեղելիության պահանջը չի կարող ունենալ հետադարձ ուժ:

Ինչ վերաբերում է նախագծի հեղինակների կողմից վկայակոչված ՄԻԵԴ դատական ակտին Ալբանիայում դատավորների և դատախազների վեթինգի գործընթացի համատեքստում, ապա անհրաժեշտ է փաստել, որ նախ, քննարկվող գործում հարցը վերաբերել է դատավորի կողմից պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված գույքի օրինականության հիմնավորմանը, ավելին, ՄԻԵԴ-ն անդրադարձել է ոչ թե օրենքի հետադարձության ուժով կիրառմանը, այլ դատավորի գույքի ձեռքբերման օրինականության ստուգման համար որևէ ժամկետային սահմանափակում չնախատեսելու իրավաչափությանը՝ իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում այն դեպքում, երբ դատավորը պարտավոր էր նախկինում հայտարարագրել իր գույքն ու դրա ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթերը:

Անհրաժեշտ է արձանագրել նաև, որ Ալբանիայում վեթինգի գործընթացի իրականացումը, այդ թվում՝ դատավորների և դատախազների պաշտոնավարման ողջ ընթացքում նրանց գործունեության, կապերի, գույքի օրինականության գնահատումը կատարվել է հատուկ այդ նպատակով ընդունված սահմանադրության փոփոխության և դրա հիման վրա ընդունված Վեթինգի մասին օրենքի հիման վրա:

Ավելին, հետադարձ ուժի արգելքից բացի, նախագիծը հակասում է անցումային արդարադատության գործիք հանդիսացող վեթինգի բովանդակային կիրառմանը։ Մասնավորապես, դատաիրավական համակարգում այդ գործիքի կիրառումը պետք է պայմանավորված լիներ ոչ թե ժամկետի մատնանշմամբ, այլ շրջափուլի արձանագրմամբ, որի ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտումները։ Սա վերաբերում է ոչ միայն միջազգային դատարանի կամ այլ ատյանի դատական ակտերին, այլև ընդհանրապես վեթինգի գործիքակազմի արդարացի կիրառմանը:

Նման պայմաններում, չնայած Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության նկատմամբ ցածր վստահությանը, համակարգային խնդիրների առկայությանը, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնվել են ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մակարդակներում, այնուհանդերձ, դատավորի վիճակը վատթարացնող նորմերին հետադարձ ուժ տալը՝ առանց սահմանադրական հիմքի ու հստակ կարգավորումների, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին:

Հետևաբար, կարծում ենք նախագծով առաջարկվող փոփոխությունները դատական իշխանության վստահության բարձրացման համատեքստում կարող են իրագործվել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների միջոցով:

Առաջարկում ենք.

Շրջանառվող նախագիծը հանել շրջանառությունից:

Շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ անցկացնել խորհրդակցություններ՝ մշակելու դատական իշխանության առողջացմանն ուղղված իրավաչափ և դատավորների իրավունքները չխախտող կարգավորումներով օրենսդրական փաթեթ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

 

[1] https://www.e-draft.am/projects/3817

[2] Consultative Council of European Judges, Evolution of the Councils for the Judiciary and their role in independent and impartial judicial systems, CCJE Opinion No. 24 (2021):  https://rm.coe.int/opinion-no-24-2021-of-the-ccje/1680a47604

[3] Ibid, para. 38

[4] Venice Commission, Report on the Independence of the Judicial System Part I: The Independence of Judges, CDL-AD(2010)004, para. 62. https://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL-AD(2010)004-e

[5] Consultative Council of European Judges, CCJE (2002) Op. N° 3, para. 37 and 39. 

[6] https://www.echr.coe.int/Documents/Facts_Figures_Armenia_ENG.pdf