Գրեթե 300 հազար դոլարի նախատոնական պարգևատրումներ` Ազգային ժողովում։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն է պարգևատրել և՛ պատգամավորներին, և՛ խորհրդարանի աշխատակազմին ու աշխատակիցներին։

Ինչպես փոխանցեցին Ազգային ժողովից, հավելավճարները եղել են մեկ ամսվա աշխատավարձի չափով, պարգևատրվել է շուրջ 700 հոգի, ներառյալ` 107 պատգամավոր, ընդհանուր ծախսը կազմել է 142 միլիոն դրամ։ Չնայած օրենսդրությամբ նման բան նախատեսված չէ, ԱԺ-ից փոխանցեցին` «սա ավանդական 13-րդ աշխատավարձն է»։

Նվազագույն աշխատավարձը, մինչդեռ, կմնա անփոփոխ` 68 հազար դրամ:

Ի տարբերություն Ազգային ժողովի մյուս պատգամավորների` խորհրդարանի ղեկավարը հաջորդ տարի նաև մոտ 200 հազար դոլարանոց նոր մեքենա կունենա` բյուջեի հաշվին։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այս ծախսերն ու պարգևատրումների պրակտիկան բացասական է համարում։ Չի ընդունում իշխանության փաստարկը, թե հավելավճարները տրվում են, որ բյուջեն չթալանվի նախկինի նման:

«Այնքան էլ ճիշտ չի` հաշվի առնելով նորից երկրի վիճակը, և եթե իսկապես իշխանության են եկել հեղափոխական բարեփոխումներ անելու համար, պետք է մի քիչ ավելի իրենց զսպեին, այսինքն` մտածում են, որ հեղափոխություն արվել էր, որ լավ ապրեին: Ի վերջո նույն բանը` բյուջեից գումար է պակասում: Եթե դա առաջ արվում էր ապօրինի ձևով, հիմա օրինական ձևով է գումարը հանվում», - «Ազատության» հետ զրույցում նկատեց Հոկտանյանը:

Սկզբնաղբյուրը՝ Ազատություն