2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Ականատես» նախաձեռնությունն իրականացնում է երկարաժամկետ դիտորդություն Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Տաթև, Մեղրի, և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում։

Ս․թ․ սեպտեմբերի 20-ին, երկարաժամկետ դիտորդական առաքելության շրջանակներում 4 դիտորդներ արդեն իսկ մասնակցել են վերապատրաստման առցանց դասընթացին։ Այսպիսով, դիտորդական աշխատանքների մեկնարկը տրված է։

Առաքելության նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը, դրանց նկատմամբ հանրային վերահսկողության հաստատմանը, ինչպես նաև բարձրացնել ընտրական գործընթացների հանդեպ հանրային վստահության մակարդակը։

«Ականատեսը» գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող որևէ կուսակցության/կուսակցությունների դաշինքի օգտին կամ դեմ: