Նոր զեկույցները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանն ավելի թափանցիկ ու հաշվետվողական լինեն իրենց հակակոռուպցիոն ջանքերում

Բրյուսել/Բեռլին: Ս.թ. մայիսի 4-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի (ԹԻ) հրապարակած գնահատման զեկույցների համաձայն` Հայաստանն, Ադրբեջանն ու Վրաստանն անցյալ տարի աննշան առաջընթաց են գրանցել հակակոռուպցիոն միջոցառումների ընդունման կամ իրականացման ասպրեզում, և ԹԻ-ն այդ երկրների կառավարություններին կոչ է անում ավելի թափանցիկ ու հաշվետվողական լինել կառավարման բոլոր ոլորտներում:

ԹԻ-ի երեք հարավկովկասյան մասնաճյուղերի զեկույցների կիզակետում դատաիրավական համակարգի և հանրային հատվածի բարեփոխումներն են: Զեկույցներում գնահատվում են յուրաքանչյուր երկրի` միջազգային հակակոռուպցիոն կոնվենցիաներին համապատասխանության և Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մոնիտորինգ իրականացնող Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հանձնարարականների կատարման չափը:

Երկրորդ տարվա գնահատման հրապարակման մեջ ԹԻ-ի զեկույցները ցույց են տալիս, որ որոշ դրական տեղաշարժ է արձանագրվել Վրաստանում` ներմուծվել է գնումների էլեկտրոնային համակարգ, բայց ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հաջողության չեն հասել հակակոռուպցիոն բարեփոխումներում: Այնուամենայնիվ, Ադրբեջանում, որտեղ 2011-ի սկզբին տեղի են ունեցել նշանակալի փողոցային ցույցեր, կատարվել են օրենսդրական փոփոխություններ:

«Այս նոր զեկույցները ցույց են տալիս, որ կատարվածը բավարար չէ: Տարածաշրջանի երկրները պետք է արագ շարժվեն հակակոռուպցիոն քաղաքականությունն ու արդյունավետ կառավարումն ամրապնդելու ուղղությամբ: Նրանք պետք է ուշադրություն դարձնեն, որ քաղաքացիներն այլևս չեն ուզում լինել պասիվ դիտորդներ, նրանք գնալով ավելի շատ են ցույց տալիս, որ հոգնել են վատ կառավարումից ու կոռուպցիայից»,- ասել է ԹԻ-ի Եվրամիության հետ կապերի ապահովման միջնորդ գրասենյակի ղեկավար Յանա Միտերմայերը:

«Եվրոպական հարևանության քաղաքականություն. հակակոռուպցիոն պարտավորությունների մոնիտորինգ» զեկույցներից յուրաքանչյուրը գնահատում է, թե երկրները ինչպես են կատարում 2006 թ. ստորագրած` Գործողությունների ծրագրով ամրագրված իրենց պարտավորությունները, որը Եվրամիության Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) մաս է կազմում: Քաղաքականությունը նախատեսված է ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված համատեղ պարտավորությունները, ներառյալ` արդյունավետ կառավարումն ու կայուն փորձառությունը, որը երաշխավորում է օրենքի գերակայությունը Եվրամիության և իր ծովային ու ցամաքային հարևան երկրների միջև:

ԹԻ-ի զեկույցները հրապարակվել են Եվրահանձնաժողովի գործողությունների ծրագրի` երեք երկրների համար մայիսի 10-ին նշանակված տարեկան ուսումնասիրությունից, ինչպես նաև ԵՀՔ ուսումնասիրության կարգավիճակի մասին երկար սպասված հայտարարությունից առաջ: Զեկույցներում առաջարկվում է ԵՀՔ ոլորտում ցուցանիշների վրա հիմնված հակակոռուպցիոն քաղաքականության և գործնականում դրա կիրառությունը գնահատող, չափանիշներով պայմանավորված ամբողջական շրջանակ: ԹԻ-ի մոտեցումը, որն ավելի մանրամասն ու քննադատական է, քան Հանձնաժողովի սեփական ուսումնասիրության մեխանիզմը, մեծ տեղ է հատկացնում կառավարությունում ավելի մեծ թափանցիկությանն ու հաշվետվողականությանն ուղղված` երկարատև փոփոխություններին հանգեցնող անկախ մեկնաբանությանը:

Զեկույցների հիմնական եզրակացությունների ու առաջարկությունների թվում են.

Հայաստան. Զեկույցն ընդամենը աննշան տեղաշարժ է արձանագրում ողջ 2010 թ. ընթացքում, մասնավորապես, դատաիրավական համակարգի բարեփոխումների ու քաղաքացիական ծառայության ոլորտներում` անկախության և թափանցիկության պակասի պատճառով, միաժամանակ քաղծառայության ոլորտը բնութագրելով խիստ քաղաքականացված: Նշվում է, որ որոշակի առաջընթաց է արձանագրվել ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների կատարման մեջ, ինչը, մասնավորապես, վերաբերում է Կոռուպցիոն իրավախախտումների հայտմաբերման և դրանց մասին իրավասու իրավապահ մարմիններին հայտնելու ընթացակարգերը կանոնակարգող ուղեցույցի ընդունմանը, պատգամավորության թեկնածուների անձեռնմխելիության վերացմանը և էթիկայի կանոնների խախտումների վերաբերյալ բողոքների կարգավորմանը պետական կառավարման բնագավառում: Այնուամենայնիվ, բոլոր 3 ոլորտներում էլ օրենքների իրականացումը մնում է որպես հիմնական մարտահրավեր: Դրական է, որ Գնումների մասին ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 2011 թ. հունվարի 1-ին:

Ադրբեջան. Արդարադատության համակարգը տուժում է թույլ իրավակիրառումից, թափանցիկության պակասից, սահմանափակ անկախությունից, քանի որ դատավորների նշանակումների հարցում Ադրբեջանի գործադիր իշխանության վերահսկողությունը շատ մեծ է: Քաղաքացիական ծառայության ոլորտում կա որոշակի առաջընթաց` կապված երիտասարդ արհեստավարժ կադրերի ներգրավման ու էթիկայի և օրինավորության ոլորտներում դասընթացների անցկացման հետ, բայց կառավարման հմտությունների պակասը շարունակաբար թուլացնում է հանրային հատվածը: Կառավարությունը ստեղծել է ֆինանսական ոլորտում հետաքննական գործառույթներով օժտված կառույց, ինչը ԳՐԵԿՈ-ի պահանջ է, և 2011-ի առաջին ամիսներին կաշառառության դեմ ուղղված մի շարք նոր հոդվածներ են ներառվել Քրեական օրենսգրքում` նպատակ ունենալով վերացնել տարակարծությունը և վերականգնել քաղաքացիների վստահությունը:

Վրաստան. Դատական համակարգի և քաղաքացիական ծառայության անկախության պակասը շարունակում է վտանգել Վրաստանի արդյունավետ կառավարման ներուժը: Հատկապես քաղաքացիական ծառայության զարգացման ոլորտի առջև ծառացած գլխավոր խոչընդոտը քաղաքականացվածության բարձր մակարդակն է, չնայած տեխնիկական ոլորտները խոստումնալի են, այդպիսին է, օրինակ, գնումների էլեկտրոնային համակարգի ներդրումը: Զեկույցն առաջարկում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում հետագա հաջողությունների հասնելու համար Վրաստանը ապահովի թափանցիկություն ու անկողմնակալություն թե' օրենքների ընդունման և թե' դրանց ի կատար ածման ընթացքում:

###

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը քաղաքացիական հասարակության միջազգային հակակոռուպցիոն կազմակերպություն է:
Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ) մշակվել է 2004-ին և այժմ ընդգրկում է ԵՄ-ը շրջապատող 16 երկիր, որոնցից 12-ը հաստատել են Գործողությունների ծրագրեր: ԵՀՔ-ն ակնկալում է ներմուծել կատարողականի վրա հիմնված գնահատման չափանիշ: (Ռուսաստանը ԵՀՔ-ի մաս չի կազմում, այն ռազմավարական գործընկերության մեջ է ԵՄ-ի հետ:)

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

Դեբորա Ուայս Ունգերին
Հեռ.` +49 30 343820 666
[email protected]