Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), կարևորելով երիտասարդ մասնագետների դերը կոռուպցիայի դեմ պայքարում, մեկնարկում է երկամսյա կրթական ծրագիր, որի նպատակն է տրամադրել գիտելիքներ և գործիքակազմ նորմատիվ իրավական ակտերում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և չեզոքացման մեթոդների վերաբերյալ:

Ծրագրի ժամկետներ` հոկտեմբեր 1- նոյեմբեր 30, 2021թ.

Հաճախականություն` շաբաթական 2 օր (երեկոյան ժամեր կամ շաբաթ օր)

Վայրը` ք․ Երևան

Ուսուցումը՝ առկա (ըստ անհրաժեշտության՝ ծրագրի որոշ մասը կարող է իրականացվել նաև հեռավար)

Ծրագրի բովանդակություն

Ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝

  1. Տեսական ուսուցման փուլ՝

Դասախոսություններ/պարապմունքներ, որոնց արդյունքում մասնակիցները կստանան տեսական գիտելիքներ և պրակտիկ հմտություններ հանրային կառավարման, օրենսդրության, իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերի վեր հանման վերաբերյալ։

2. Պրակտիկ ուսուման փուլ՝

ա) պրակտիկ աշխատանքներ, որոնց ընթացքում մասնակիցները ձեռք բերված գիտելիքները կկիրառեն հանրային կառավարման ոլորտի օրենսդրական դաշտի, իրավական ակտերի նախագծերի և իրավակիրառ պրակտիկայի վերլուծության համար։ Այս փուլն իրականացվելու է մենթորի ուղղորդմամբ։ Սահմանված ոլորտներում իրավական ակտերի և դրանց նախագծերի վերլուծություն՝ կոռուպցիոն ռիսկերի վերհանման և դրանց չեզոքացմանն ուղղված առաջարկների մշակման նպատակով;

բ) առաջարկությունների մշակում և տեղադրում https://www.e-draft.am էլեկտրոնային հարթակում։

Ծրագիրն ամբողջովին անվճար է։ Մասնակիցներին կտրամադրվեն ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ նյութեր և ռեսուրսներ։ Մասնակիցների աշխատանքը կգնահատվի մենթորի կողմից։ Ծրագիրը հաջողությամբ հաղթահարած և 80% մասնակցություն ապահոված մասնակիցներին կշնորհվի հավաստագիր։

Դասընթացավարի մասին

Հայկ Մալխասյանն ունի ավելի քան 10 տարվա փորձառություն, որտեղ մեկտեղվում է Հայաստանի Կառավարության համար կատարված փորձագիտական աշխատանքի (այդ թվում մեկ տարի որպես ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի և երկու տարի՝ պետի տեղակալի պաշտոններում), ակադեմիական հետազոտությունների ու Հայ-Ռուսական և Հայաստանի Ամերիկյան Համալսարաններոմ դասավանդման հարուստ փորձը։ Նա ունի մեծ փորձ բոլոր մակարդակներում իրավական ակտերի նախագծման և կիրառման ոլորտում։ Հայկը նաև ունի խորհրդատվական աշխատանքի հարուստ փորձ, այդ թվում իրավունքի տարբեր ոլորտներում իրավական ակտերի նախագծման և իրավական լուծումների մշակման հարցերում։ Հայկը համակողմանիորեն տեղեկացված է վարչական ընթացակարգերին ու մեխանիզմներին, ինչպես նաև ձեռնարկատիրության կարգավորմանը։

Հայկն ունի Իրավագիտության բակալավրի, մագիստրոսի աստիճաններ (այդ թվում Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանից), իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Հայկը նաև հաջողությամբ ավարտել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և քաղաքագիտության դպրոցի Հանրային քաղաքականություն և հանրային կառավարում դասընթացը։ Նա քաղաքացիական իրավունքի և մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ մի շարք գրքերի և այլ աշխատությունների հեղինակ է։

Մասնակցության պայմաններ

Մասնակցության համար կարող են դիմել իրավունքի ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, կամ ԲՈՒՀ-ի իրավաբանական ֆակուլտետի բակալավրի 3-4-րդ կուրսի, կամ մագիստրատուրայի ուսանող հանդիսացող, կամ իրավունքի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձիք։

Հետաքրքրված անձիք մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) և հետաքրքրության նամակ (առավելագույնը 500 բառի սահմաններում)` [email protected] հասցեին։

Հարցերի դեպքում դիմել ԹԻՀԿ կրթական ծրագրերի պատասխանատու Մարիամ Հովեյանին՝ 043 01 63 56

Սույն կրթական ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: