Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները և ի՞նչ անելիքներ կան
Նորություններ
2021 Սեպ
5

Որո՞նք են աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները և ի՞նչ անելիքներ կան

Որքանո՞վ է արդյունավետ աշխատանքային իրավունքների պահպանման ոլորտում Հայաստանի մոտեցումը, արդյո՞ք այն ներառում է տարբեր երկրներում առկա լավագույն փորձը և ի՞նչ բացեր են մնացել այս ոլորտում։

«Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ուսումնասիրություն է կատարում աշխատանքային իրավունքների պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների վերաբերյալ՝ ներկայացնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության ստանդարտներն ու պահանջները և տարբեր երկրների՝  Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Լեհաստանի, Հունաստանի, Չինաստանի և Գերմանիայի փորձը։ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, որն աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցերով զբաղվող մասնագիտացված հաստատություն է ՄԱԿ-ում, ընդունել է աշխատանքի տեսչության մի շարք չափանիշներ։ Դրանք հիմնականում տեղ են գտել կոնվենցիաներում և հանձնարարականներում։

Չնայած չափանիշներն ու առաջարկվող գործիքակազմը նույնն են, այնուամենայնիվ, երկրների մոտեցումները տարբեր են՝ կախված երկրի առանձնահատկություններից ու ոլորտում առկա խնդիրներից։ Ըստ ուսումնասիրության՝ մի շարք երկրներում աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում մեծ դերակատարում ունեն արհմիությունները, որոնք նաև լուրջ գործոն են հանդիսանում քաղաքականության մեջ: Այդ երկրներից են Գերմանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Լեհաստանը։ Մասնավորապես՝ Գերմանիայում և Լեհաստանում արհեստակցական միությունները միշտ խաղացել են ակտիվ դեր և անգամ հանդիսացել հեղափոխությունների նախաձեռնողներ։

Գերմանիան նաև առանձնանում է աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում ապահովագրական ընկերությունների ներգրավմամբ։ Այստեղ գործում են դժբախտ պատահարների ապահովագրության գործակալություններ, որոնք անկախ են, և նրանց գործունեությունը հսկվում է պետության կողմից։ Նրանք պատասխանատու են դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման համար և իրավունք ունեն ընդունել կանոնակարգեր, որոնց գործատուները պետք է հետևեն: Գործատուները նաև, ըստ օրենքի, պետք է միանան այս գործակալություններին և վճարեն անդամավճարներ: Եվրոպական երկրներում գործատուներին  համապատասխան վարքագիծ պատադրող գործոններից է սանկցիաների կիրառումը։  

Ուսումնասիրության համահեղինակ, փորձագետ Խաչիկ Հարությունյանն ասում է՝  Հայաստանում, այլ երկրների համեմատ, սանկցիաների չափը  շատ փոքր է։  Նրա խոսքով՝ վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված 14 սանկցիաներն իրենց չափով և տեսակով ունակ չեն ըստ էության ապահովելու այդ հիմնական խնդրի իրագործումը։

«Օրինակի համար` Հունաստանում այս ոլորտում սանկցիաները հասնում են մինչև 50 հազար եվրոյի, Հայաստանում այդքան չեն, մինչև 100-150 հազար դրամ։ Բնականաբար, սա չի կարող ունենալ այն պրեվենտիվ էֆեկտը, որը կա  Հունաստանի դեպքում, որովհետև 50 հազար եվրոն  մեծ թիվ է անգամ Եվրոպական բիզնեսների համար»,- նշում է փորձագետը: Ըստ փորձագետի՝ հաջորդ կարևոր քայլն արհմիությունների ստեղծումն է, ինչը աշխարհի շատ երկրներում մեծ դերակատարում ունի աշխատանքային իրավունքի պաշտպանության  ոլորտում։

«Չունենք ուժեղ արհեստակցական միություններ։ Փորձը ցույց է տալիս, որ ավելի արդյունավետ է լինում, երբ կան ուժեղ արհեստակցական միություններ։ Նույն Լեհաստանում կան ուժեղ արհմիություններ, կային նույնիսկ այնպիսիք, որ այնտեղ հեղափոխություն արեցին։ Ֆրանսիայում եւս  լուրջ դերակատարում ունեն արհմիությունները, քաղաքականության վրա են նաև ազդեցություն ունենում։ ույն Գերմանիայում մինչ այժմ հսկայական ազդեցություն ունեն, ԱՄՆ-ում»,-ասում է փորձագետը։

Ինչ վերաբերում է աշխատողների անվտանգության ապահովմանը, նա բերում է Լեհաստանի օրինակը, որտեղ ազգային աշխատանքային տեսչությունը իրականացնում է ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ քաղաքականություն։ «Ենթադրենք հանքարդյունաբերական ձեռնարկություն է բացվում, մինչև բացվելը այդ փուլում է ներգրավվում կառույցը, դեռ չգործող, դեռ նոր պետք է ձևավորվի, այդ փուլում ինքը ներգրավվում է, ասում է՝ եղբայր, որպեսզի տեխնիկական վթարներ չլինեն, այս-այս  բաները պետք է անեք»։

Պատժիչ քաղաքականությունը կանխարգելիչ քաղաքականությամբ փոխարինելու անհրաժեշտության մասին է նշում նաև ուսումնասիրության համահեղինակ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով, սակայն, խնդիրը ոչ թե առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ է կապված, այլ համակարգային է և պետք է դիտարկել ընդհանուր պատկերի մեջ։ «Երբ տեսչությունը գնաց իր գործառույթներն իրականացնելու, տեսավ, որ անվտանգության պայմանները բավարարված չեն, կանգնում է խնդրի առաջ․ հարցն այն  է, որ դեռևս անվտանգության նորմերի հստակեցման խնդիր ունենք, ստանդարտները որո՞նք են։ Ոնց առաջնորդվենք՝ ԵՄ, թե՞ ԽՍՀՄ ստանդարտներով, որոնք արդեն անցել ենք»,-նշում է Մարտիրոսյանը։ Փորձագետի մատնանշմամբ՝ մեկ այլ խնդիր է պետական մի քանի մարմիններում գործառույթների կրկնությունը։ «Եվ հարկային ծառայությունները, և աշխատանքի տեսչությունը ունեն գործառույթի կրկնություն չգրանցված աշխատողների բացահայտման հետ կապված, և սա անհարմարություն է ստեղծում տնտեսվարողի համար։ Անընդհատ այցելությունները և այլն, սրանք որոշակի ռիսկայնություն են ձևավորում տնտեսվարողի մոտ»,-կարծում է փորձագետը։ «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի  ուսումնասիրությունն արդեն ավարտական փուլում է։ Մասնագետներն աշխատում են եզրակացությունների ու առաջարկությունների վրա։ Առաջիկայում կդիմեն Կառավարություն՝ ներկայացնելով համապատասխան առաջարկներ ոլորտի հետագա բարեփոխումներին նպաստելու նպատակով։

Հրապարակումը պատրաստվել է «Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական հոդվածը՝ Factor.am