Գլխավոր էջ Նորություններ Հայտարարություն 2030 թվականի ՀՀ կառավարության ռազմավարության փաթեթի նախագծի վերաբերյալ
Նորություններ
2021 Օգս
5

Հայտարարություն 2030 թվականի ՀՀ կառավարության ռազմավարության փաթեթի նախագծի վերաբերյալ

2021 թ․ հուլիսի 23-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am  հարթակում տեղադրել է ՀՀ կառավարության հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթի նախագիծը (այսուհետ՝ ռազմավարություն), որով փորձ է արվում ձևակերպել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման ու արդիականացման համապարփակ օրակարգը՝ նախանշելով ապագայի պետության կառուցման ռազմավարական ուղեծիրը, առաջնահերթությունները և դրան հասնելու քաղաքականության փուլային օրակարգը:

Սույն ռազմավարության մշակման ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ ս․թ․ ապրիլի 6-ին կազմակերպվել էր փորձագիտական քննարկում, որի ընթացքում Կառավարության կողմից ներկայացվել էր բարեփոխումների ռազմավարության փաթեթը, փորձագետների կողմից բարձրաձայնվել էին մի շարք մտահոգություններ և ներկայացվել առաջարկություններ՝ ռազմավարությունը կատարելագործելու և առավել իրատեսական ու գործնական դարձնելու նպատակով։

Հրապարակված փաթեթի նախնական և ընդհանուր դիտարկմամբ կարող ենք արձանագրել, որ փորձագիտական քննարկման ընթացքում բարձրաձայնված մտահոգություններն ու առաջարկությունները հաշվի են առնվել, ինչը ողջունելի է։

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ նախագծի քննարկումների համար հատկացված 15-օրյա ժամկետում հնարավոր չէ ապահովել մոտ 270 էջ կազմող ռազմավարության փաթեթում (այդ թվում՝ ճանապարհային քարտեզը և 2021-2023 արդյունքները) ներկայացված գաղափարների և բարեփոխումների, նախատեսվող գործողությունների ու ակնկալվող արդյունքների պատշաճ ուսումնասիրություն, հանրության լայն մասնակցություն և բովանդակային պատշաճ քննարկում:

Նկատի ունենալով, որ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության փաթեթի ընդունումից հետո պահանջվելու է դրանով նախատեսված առանձին միջոցառումների վերաբերյալ որոշումների կայացում, ակնկալում ենք և պահանջում, որ ՀՀ կառավարությունն այդ միջոցառումներից յուրաքանչյուրի համար ապահովի պատշաճ մասնակցություն  և խորհրդակցություն շահագրգիռ կողմերի հետ:

Ցանկացած ոլորտում բարեփոխումների հաջողությունը մեծապես պայմանավորված է դրանց շուրջ շահագրգիռ շրջանակների ներգրավմամբ և հանրային լայն կոնսոլիդացիայով, որն ապահովելու համար անհրաժեշտ պայման են որոշումների ընդունման գործընթացների թափանցիկությունը, ներառականությունը և հաշվետվողականությունը: