Վարուժան Հոկտանյանը քննարկում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը Լրագիր լրատվականի հետ։

Պարոն Հոկտանյան, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով առաջին ուսումնասիրություններն ավարտվել են, նախկին պաշտոնյաների անուններ են շրջանառվում լրատվամիջոցներում, որոնց գույքը կալանքի տակ է։ Հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում կոչ էր արել նախկին պաշտոնյաներին «անհապաղ սկսել բանակցություններ՝ գողացվածն ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը»։ Կամավոր վերադարձի հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։

Դա շատ լավ կոչ է, բայց մեկ բայց կա։ Ճիշտ կլիներ, որ այդ կոչերն աներ 2018 թվականի ապրիլից հետո և այս իրավական կարգավորումները թողներ, ինչ-որ ժամկետ սահմաներ։ Մոտավորապես այն, ինչ արվեց Սաակաշվիլիի ժամանակ՝ 2004-2005 թվականներին։ Այսինքն՝ կարելի էր փորձել այդ ամենը առանց աղմուկի անել, եթե դա չլիներ, նոր անցներ այս քայլերին։ Հիմա այստեղ քայլերի հերթականությունը մի քիչ փոխվեց, սկզբում օրենսդրությունն ընդունվեց, հիմա կոչ է անում։

Սկզբունքը լավն է, որ ինքնակամ վերադարձնեն։ Բայց ինքնակամ վերադարձնել՝ նշանակում է ընդունել, որ իրենք դա թալանել են։ Եվ քանի որ օրենքն արդեն կա, հարց կառաջանա, որ կարող են հետո իրենց նորից պատժել։ Ասվե՞լ է արդյոք, թե ինչ երաշխիքներ են տրվում այդ անձանց։ Եթե դուք ասում եք վերադարձրեք, դա նշանակում է, որ պետք է երաշխիք տաք, որ ինքնակամ վերադարձնելուց հետո այդ մարդիկ խնդիրներ չեն ունենալու։ Եվ դա պետք է ամրագրվի իրավական համապատասխան ակտում։ Ես կարծում եմ, որ որոշ մարդիկ կհամաձայնեն այդ քայլին, եթե այդպիսի դրույթ լինի համապատասխան իրավական ակտում։

Երկրորդ պայմանն այն է, որ այդ վերադարձը պետք է լինի անանուն, ինչպես աշխարհում ընդունված է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը լրագրող է եղել, իսկ լրագրողները հենց մի բան լսում են, սիրում են հրապարակել։ Եթե անշարժ գույքի մասին է խոսք գնում, կարծում եմ՝ կիմացվի մարդկանց անունը, բայց գումարային վերադարձի դեպքում անունը չհրապարակելն այստեղ կարևոր է։ Եթե պետք է հետո հրապարակվի, որ այսինչն ինքնակամ վերադարձրեց գողացածը, աշխարհում այդպես չի լինում։ Մարդիկ կարող են գնալ այդ քայլին, եթե ապահովվի անանունությունը։

Երրորդ, ես կարծում եմ, որ նրանք, ովքեր այդ թալանն արել են, երեք տարիների ընթացքում, ինչ Փաշինյանը եկել է իշխանության, ինչպես կասեր դասականը՝ թղթով ամեն ինչ կարգին ցույց կտան։ Եվ ես վախենում եմ, որ այդ մարդիկ մեծամասնություն կլինեն։ Որքան ես հասկացա, Վլադիմիր Գասպարյանն ու Արամ Հարությունյանը, որոնց անունը շրջանառվում է այս գործերով, դժվար թե կամովին վերադարձնեն, եթե արդեն հրապարակվել են նրանց անունները։

Իսկ իրավական գործընթացի շրջանակներում ի՞նչ արդյունավետություն է հնարավոր ակնկալել։

Ես երկու տարի առաջ Հոնկոնգում մասնակցում էի մի սեմինարի, իրենց հակակոռուպցիոն մարմինն էր կազմակերպել, որն աշխարհում հզորներից է։ Եվ այնտեղ ասվեց, որ այդ ապօրինի ծագում ունեցող գույքի շատ քիչ տոկոսն է վերադարձվում՝ մոտավորապես 07-2,5 տոկոսը։ Մնացածը չի վերադարձվում, որովհետև դժվար է պոչը գտնելը։ Հիմա գլոբալիզացիայի դար է, եթե այլ բանկում է այդ ապօրինի թալանված փողը, դարձել է այդ բանկի ակտիվ։ Կամ այդ փողերով գործարան է գնվել այլ երկրում։ Հիմա այդ երկրին դա օգուտ է բերում, շատ դժվար է դառնում վերադարձնել։ Լավ կլինի, որ այդ ամենը վերադարձվի, այսինքն՝ թալանածը պետք է վերադարձնել, բայց ես օպտիմիստ չեմ այդ հարցում։ Նույնիսկ կարող է շատ լուրջ դիմադրություն լինել։

Առավել ևս, պետք է հաշվի առնել, որ ում նկատի են ունենում, որ գույքը պետք է բռնագանձեն, հիմա նրանց մի մասը կամ ներկայացուցիչներն արդեն խորհրդարանում են։ Դա կհանրայնացվի, և Աստված չանի դա ընտրովի արվի, քաղաքական հետապնդման ենթատեքստ կլինի։ Ես հարցադրում եմ անում՝ իսկ դատախազի մոտ ամեն ինչ նորմա՞լ է, խնդիրներ են առաջանալու։ Այսինքն՝ որոշ նախկիններ, որոնք հիմա նորերի հետ են, այսինքն՝ սևերը սպիտակեցին, արդյոք իրենց մոտ ամեն ինչ կարգի՞ն է։ Այսպիսի լուրջ հարցեր են բարձրանալու։ Իսկ նախկիններն ունեն նաև բավական հարուստ կոմպրոմատներ իրենց ձեռքին, օրինակ, նույն Վլադիմիր Գասպարյանը, կարող են բացել դրանք։ Կարող են նաև 2018-2019 թվականներին հարստացածների հարց բարձրացնել՝ հայտարարագրերը նայելով։ Ի վերջո, կարող է պարզվել, որ նրանք էլ արդեն ունեն ապօրինի գույք։ Այսինքն՝ սա շատ լուրջ խնդիր է, և ես տեսականորեն կողմ լինելով գաղափարին՝ ունեմ լուրջ վերապահումներ, որովհետև սա կարող է լուրջ ձևով քաղաքականացվել։ Եվ կարող է սկսվել մի անվերջանալի կամ երկար տևող շրջապտույտ, եթե նախկինները հանկարծ վերադառնան, նորերի նկատմամբ ապօրինի գույք կբռնագրավեն, և այսպես կգնա, ամեն նորը նախկիններից կսկսի գույք բռնագրավել։ Այսինքն՝ ովքեր նախաձեռնում են այս գործընթացը, երևի պետք է հաշվարկեն բոլոր հետևանքները։

Այլ հարցեր էլ են առաջանում, մեր միջազգային գործընկերները մի հարց էլ են բարձրացնում՝ մարդու իրավունքներ և կոռուպցիայի դեմ պայքար, որքանո՞վ են դրանք համահունչ։ Եվ կան բավական լուրջ հարցադրումներ հենց ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված։ Կոռուպցիոներն էլ է մարդ, չէ՞, ի վերջո։ Մյուս հարցը՝ կոռուպցիոներ են եղել, թալանել են, վաճառել են ինչ-որ մեկին։ Հիմա այդ մեկից ինչպե՞ս են դա բռնագանձելու, մեր օրենքում նախատեսվում է ինչ-որ բան։ Բայց եթե այդ գույքը ձեռք բերողն ապացուցում է, որ ինքը տեղյակ չի եղել, ուրեմն չպետք է բռնագանձվի այն։

Մյուս խնդիրը անմեղության կանխավարկածն է, ի վերջո քաղաքակիրթ երկրներում քննչական մարմինները պետք է ապացուցեն, որ նա թալանել է, ինքը պարտավոր չէ արդարանալ։ Դեռ 2008 թվականին էինք միջազգային գործընկերների հետ քննարկում այդ հարցերը։ Հստակ գիտես, որ մարդը կոռուպցիոներ է եղել, թալանել է, բայց փորձիր ապացուցել։ Այդ թալանչիները ժամանակին լավ էլ այնպիսի մի համակարգ են ստեղծել, որ վկաներ կարող են չլինել կամ վախենան վկաները։

Մյուս խնդիրը, որը միջազգային գործընկերները բարձրացնում են, օպերատիվ հետախուզական գործունեությանն է վերաբերում։ Բնականաբար, դա պետք է կիրառվի, և դա կարող է քաղաքականացվել, այսինքն՝ կսկսեն բռնագանձել քաղաքական հակառակորդների գույքը, իսկ ներկաներին ձեռք չտան։

Այսինքն՝ ինչ-որ ձևով այդ մարդիկ պետք է պատասխան տան, բայց պատասխան տալու ամենաճիշտ ձևը երևի այն է, որ ոչ թե այդ փողը հանեն երկրից, այլ վերադարձնեն ու ներդնեն տնտեսության մեջ։

Սկզբաղբյուրը՝ Լրագիր