Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ հուլիսի 2-ին ներկայացրած նախագծով մտադրություն կա արգելափակել պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը և մեկ անձից կատարվող գնումների հաշվետվությունների որոշ տվյալներ:

ԱԱԾ-ի հետ համագործակցության արդյունքում ԲՏԱ-ն պարզել է, որ e-gov.am կայքում առկա մեկ անձից իրականացված գնումներին վերաբերող որոշ տեղեկություններ, մասնավորապես՝ գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և ամբողջական պայմանագրի պատճենը համարվում են ռիսկային տեղեկություն, ուստի այդ տեղեկությունն այլևս նպատակահարմար չէ e-gov.am-ում տեղադրել և դրա մասին նախագիծ է ներկայացրել: Նախագծի հեղինակներն իրենց մտադրությունն այսպես են հիմնավորել.

«Որոշումներում փոփոխությունները նպատակ ունեն կանխել վերջին պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի հետ կապված առաջացած նոր ռիսկերը, ինչպես նաև թույլ չտալ այդ տեղեկատվությունն օգտագործել տնտեսական և քաղաքական վերլուծություններում՝ ի վնաս ՀՀ պետական շահի: Տեղեկատվությունը հնարավոր կլինի ապահովել հասանելիություն լրացուցիչ հարցման միջոցով՝ տրամադրման անհրաժեշտության և նպատակների վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու դեպքում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

ԹԻՀԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանը 168.am–ի հետ զրույցում նշեց, թե նախագծով թափանցիկությունը սահմանափակվում է, սակայն պետք է հաշվի առնել նաև հիմնավորումները:

«Սա թափանցիկության, իհարկե, սահմանափակում է՝ մի կողմից, բայց մյուս կողմից էլ՝ որպես հիմնավորում՝ բերվում են բավականին լուրջ պատճառներ՝ պատերազմը և կիբերհարձակումների ակտիվիզացիան»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Հոկտանյանն անդրադարձավ նաև Կառավարության մեկ այլ՝ 168 որոշմանը, որի վրա հիմնվում է ՀՀ կառավարության հիշյալ՝ 2016թ. սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշումը, «Գնումների մասին» նոր օրենքի ընդունումով ևս ուժը կորցրած է ճանաչվել 2017թ. հունիսի 1-ից:

Այդուհանդերձ, Հոկտանյանի գնահատմամբ՝ այս նախագիծն իսկապես կարող է հանգեցնել թափանցիկության նվազեցմանը:

Ամբողջական հոդվածն՝ այստեղ