«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացների մասին
«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է 2021 թ․ հունիսի 20-ի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում։
Առաքելության շրջանակներում ներգրավվել է 580 դիտորդ, որոնք դիտարկել են 300 ընտրատեղամաս Հայաստանի ողջ տարածքում։ Ներգրավվել է նաև շրջիկ դիտորդներից բաղկացած 22 խումբ, որոնք այցելել են ընտրանքից դուրս գտնվող ավելի քան150 ընտրատեղամաս, ինչպես նաև դիտորդներ, որոնք հսկել են 33 Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը։
2021 թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկումն իրականացվել է պատահական ներկայացուցչական ընտրանքի հիման վրա և ներառել է ձայների զուգահեռ հաշվարկ (ՁԶՀ):
ՁԶՀ-ն հնարավորություն է տալիս վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով չափել քվեարկության օրվա գործընթացների որակը, այդ թվում՝ տեղամասերի բացումը, քվեարկությունը, փակումը և արդյունքների ամփոփումը, ինչպես նաև քվեների բաշխումը:
Թեև դիտորդությունը չի ծածկում երկրի բոլոր ընտրական տեղամասերը՝ ընտրանքի վրա հիմնված ՁԶՀ մեթոդը թույլ է տալիս խոսել ընտրական գործընթացի և ստացված արդյունքների մասին՝ համապետական մակարդակով։ Այն կարող է վերահաստատել կամ հարցականի տակ դնել քվեարկության արդյունքները՝ նպաստելով ընտրությունների հրապարակված արդյունքների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը կամ ընդհակառակը՝ վերհանելով հնարավոր խնդիրները։
«Ականատեսի» դիտարկման համաձայն քվեարկության օրն, ընդհանուր առմամբ, անցել է քաղաքացիների շահագրգիռ և ակտիվ մասնակցության պայմաններում։ Գործընթացները հիմնականում իրականացվել են կազմակերպված, սահուն, առանց կոպիտ խախտումների։ Այդուհանդերձ, նկատվել է որոշակի լարվածություն զգալի թվով տեղամասերում՝ հիմնականում կապված կողմնակի անձանց ներկայության, ուղղորդումների, տեղամասերում առանձին կուսակցությունների վստահված անձանց թույլատրելի քանակի գերազանցման և վերահսկելի քվեարկության դեպքերի հետ։ Թեև ընտրախախտումներում նկատվել է տարբեր կուսակցությունների և դաշինքների («Պատիվ ունեմ», «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք», Հայ ազգային կոնգրես, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք») ներկայացուցիչների մասնակցություն, դեպքերի ճնշող մեծամասնության պատասխանատուն եղել են «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները։
Նախապատրաստական փուլ
Քվեարկության նախապատրաստման և տեղամասերի բացման գործընթացը հիմնականում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց լուրջ խախտումների։
Ժամը 7:00-ին «Ականատեսը» դիտորդներից զեկույցներ է ստացել դիտարկված տեղամասերի 96,3%-ից։
Ընտրական տեղամասեր «Ականատեսի» դիտորդների մուտք գործելու հետ կապված գրանցվել է ժամանակավոր խոչընդոտման 1 դեպք։
Կողմնակի անձանց ներկայություն է դիտարկվել տեղամասերի 2%-ում։ Տեղամասերի 99%-ում տվյալները պատշաճ կերպով ներմուծվել են, և տպվել է գրանցված ընտրողների թիվը հավաստող տեղեկանքը։
Դիտարկված ընտրատեղամասերի 99.6%-ի կահավորումն ապահովվել է քվեարկության գաղտնիությունը։ Թվով 4 տեղամասում եղել են կահավորման հետ կապված խնդիրներ, որոնք մեծ մասամբ կարգավորվել են։
Դիտարկված տեղամասերի 27.5%-ն է եղել դժվարամատչելի սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների համար։
Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է ժամանակին. 8%-ը բացվել է մինչև ժամը 8։00-ը, 9-%-ը՝ 8:01-8:10-ը ժամանակահատվածում, իսկ 1%-ը` 8:11-ից հետո։
Քվեարկություն
Քվեարկությունն ընդհանուր առմամբ անցել է խաղաղ, ընտրող քաղաքացիների լայն ու շահագրգիռ ներգրավման պայմաններում։ Գործընթացները հիմնականում եղել են կազմակերպված և օրենքին համահունչ։ Այդուհանդերձ, նկատվել է լարվածություն զգալի թվով տեղամասերում՝ հիմնականում կապված կողմնակի անձանց ներկայության, տեղամասերում առանձին կուսակցությունների վստահված անձանց թույլատրելի քանակի գերազանցման, ուղղորդումների և քվեարկության վերահսկողության դեպքերի հետ։
Քվեարկության գործընթացում նկատվել են ընտրական տեղամասերի ներսում գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքի խոչընդոտման դեպքեր տեղամասերի 1․33%-ում։ Տեղամասային ընտրական հանձնաժողովները հիմնականում գրանցել են դիտորդների նկատած խախտումները տեղամասային գրանցամատյաններում, սակայն տեղամասերի 6.66%-ում մեկ կամ ավելի դեպքեր չեն գրանցվել։ Տեղամասերի 15․6%-ում եղել է 1-3 դեպք, երբ ընտրողների անվան դիմաց առկա է եղել այլ անձի ստորագրություն: Տեղամասերի 0․67%-ում եղել է 1-3 դեպք, երբ ստորագրություն լինելու պատճառով ընտրողին չի թույլատրվել քվեարկել։
Տեղամասերում ընտրողների գրանցման սարքավորումների հետ կապված լուրջ խնդիրներ չեն արձանագրվել։ Տեղամասերի 25%-ում 1-3 դեպքում ընտրողների անունները գրանցված չեն եղել սարքավորումներում, տեղամասերի 1.33%-ում արձանագրվել է նմանատիպ 4-10 դեպք, և 0․33%-ում՝ 11-ից ավել դեպք։
Արձանագրվել է այլ անձի փոխարեն կամ բազմակի քվեարկության փորձի 2 դեպք:
Եղել են զգալի քանակով դեպքեր, երբ քվեարկության գաղտնիությունը խախտվել է, ընդ որում՝ տեղամասերի 3.33%-ում եղել է միտումնավոր խախտում։ Տեղամասերի 15%-ում նկատվել է բաց քվեարկության 1-3 դեպք, 3․67%-ում՝ 4-10 դեպք, և 0.67%-ում՝ 11-ից ավել դեպք։ Ընտանիքով քվեարկելը շարունակում է տարածված պրակտիկա մնալ։ Տեղամասերի 23․67%-ում դիտվել է 1-3, 7․33%-ում՝ 4-10 և 2․67%-ում՝ 11 կամ ավել ընտանիքով քվեարկության դեպք։
Ուղղորդված քվեարկություն դիտարկվել է տեղամասերի 8%-ում: 4.67%-ում նկատվել է ընտրողների կազմակերպված տեղափոխում ընտրատեղամաս:
Ընտրողին օգնություն ցուցաբերելու ընթացակարգի խախտումներ արձանագրվել են տեղամասերի 4․67%-ում (1-ից ավել)։
Տեղամասերի 2․67%-ը փակվել է ժամանակից շուտ, 94%-ը փակվել է ժամանակին, իսկ 3․33%-ը՝ 20:01-20:10-ին։
Արդյունքների ամփոփում
Տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքն, ընդհանուր առմամբ, համապատասխանել է օրենքով սահմանված գործընթացներին․ միայն տեղամասերի 1․69%-ում են եղել ամփոփման ընթացակարգի խախտումներ, իսկ հաշվարկի ընթացակարգի խախտումներ գրանցվել են տեղամասերի 2․03%-ում։
Ընտրատեղամասերի 93․92%-ում արդյունքների ամփոփման փուլի մասնակիցներին տրամադրվել է արձանագրության քաղվածք։ Տեղամասերից 1․01%-ում հաշվարկի ընթացքում ներկա են եղել կողմնակի անձինք։ Մի շարք տեղամասեր հոսանքազրկվել են, սակայն, ըստ դիտորդների, դա չի խոչընդոտել արդյունքների ամփոփման և հաշվարկի սահմանված գործընթացը։
Էական խախտումներ
Քվեարկության օրը դիտորդները հաղորդել են մի շարք էական համարվող խախտումներ, որոնց հիմնական խմբերը ներկայացված են ստորև բերված աղյուսակում։ Քվեարկության և արդյունքների ամփոփման փուլում «Ականատեսն» արձանագրել է 93 էական խախտում, որոնք դեռևս շարունակում են ստուգվել։
Խախտման տեսակը | Խախտումների թիվը |
---|---|
Դիտորդի իրավունքների խոչընդոտում | 8 |
Կողմնակի անձանց ներկայություն | 15 |
Չհրկիզվող պահարանի հետ կապված խնդիրներ | 6 |
Բռնություն, սպառնալիք կամ ճնշում գործադրելու դեպքեր | 3 |
Կրկնակի կամ այլ անձի փոխարեն քվեարկության փորձ | 3 |
Օգնության կարգի խախտում | 2 |
Բաց, վերահսկվող և ուղղորդված քվեարկություն | 30 |
Քվեաթերթիկների միտումնավոր վնասում | 1 |
Արդյունքների ամփոփման ընթացակարգերի խախտումներ | 3 |
Գրանցամատյանում գնահատականը գրանցելու մերժում տեղամասային հանձնաժողովի կողմից | 22 |
Արդյունքների կանխատեսումը և մասնակցության ցուցանիշներն ըստ ՁԶՀ-ի
Ստորև բերված են ՁԶՀ համաձայն ստացված տվյալները յուրաքանչյուր մասնակից կուսակցության կամ կուսակցության դաշինքի համար: Այս միջակայքերը որոշվում են ՁԶՀ գնահատումների և սխալի մեծության հիման վրա` 95% վստահության միջակայքով:
Կուսակցության անվանում | Քվեների տոկոս | Սխալի մեծություն | Միջակայք |
---|---|---|---|
«Արդար Հայաստան» կուսակցություն | 0.33% | 0.08% | 0.3% to 0.4% |
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն | 1.49% | 0.15% | 1.3% to 1.6% |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | 54.04% | 1.87% | 52.2% to 55.9% |
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն | 0.33% | 0.05% | 0.3% to 0.4% |
«Ազատություն» կուսակցություն | 0.13% | 0.02% | 0.1% to 0.2% |
«Պատիվ ունեմ» դաշինք | 5.34% | 0.66% | 4.7% to 6% |
«Միասնական Հայրենիք» կուսակցություն | 0.06% | 0% | 0% to 0.1% |
Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցություն | 0.07% | 0% | 0.1% to 0.1% |
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն | 1.14% | 0.13% | 1% to 1.3% |
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն | 1.04% | 0.16% | 0.9% to 1.2% |
«Հանրապետություն» կուսակցություն | 3.00% | 0.31% | 2.7% to 3.3% |
«Հայոց Հայրենիք» կուսակցություն | 1.04% | 0.11% | 0.9% to 1.1% |
«Ազատ Հայրենիք» դաշինք | 0.32% | 0.05% | 0.3% to 0.4% |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն | 3.89% | 0.58% | 3.3% to 4.5% |
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն | 0.36% | 0.05% | 0.3% to 0.4% |
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն | 1.25% | 0.12% | 1.1% to 1.4% |
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն | 0.33% | 0.05% | 0.3% to 0.4% |
«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք | 1.39% | 0.12% | 1.3% to 1.5% |
«Ազգային օրակարգ» կուսակցություն | 0.07% | 0% | 0% to 0.1% |
«Վերելք» կուսակցություն | 0.11% | 0% | 0.1% to 0.1% |
«Ազատական» կուսակցություն | 1.20% | 0.15% | 1% to 1.3% |
Հայաստանի եվրոպական կուսակցություն | 0.22% | 0% | 0.2% to 0.3% |
«Հայաստան» դաշինք | 21.10% | 1.29% | 19.8% to 22.4% |
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն | 1.41% | 0.14% | 1.3% to 1.5% |
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն | 0.32% | 0.05% | 0.3% to 0.4% |
ՁԶՀ կանխատեսումը վերջնական մասնակցության համար՝ 49.3% է` +/- 0.9% սխալի սահմանով: Անվավեր ճանաչված քվեաթերթիկները 0.38% են՝ սխալի +/- 0.05% սխալի սահմանով:
Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը
«Ականատեսն» իրականացրել է 33 տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքների դիտարկում։ Քվեարկության արդյունքների աղյուսակավորման գործընթացն ընթացել է սահուն։ Դիտորդները հաղորդել են որոշ խախտումների մասին, որոնք ստուգման ընթացքում են։
«Ականատես» նախաձեռնությունը շարունակում է կարճաժամկետ դիտորդներից ստացված տվյալների ճշգրտումը ՁԶՀ նպատակով, ինչպես նաև դիտարկումները Տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Էական խախտումներից առավել առանցքային դրվագների վերաբերյալ նախապատրաստվում են դիմումներ, բողոքներ և հաղորդումներ ընտրական հանձնաժողովներին և իրավապահ մարմիններին։
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնվել է 2018թ.ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպության, «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից:
2021 թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական Միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի, ԱՄՆ գերմանական Մարշալի հիմնադրամի Սևոծովյան համագործակցության հիմնադրամի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Ձայների զուգահեռ հաշվարկն իրականացվում է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ:
Սույն փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական առաքելությունը ու դրա անդամ կազմակերպությունները, և այն չի արտացոլում դրամաշնորհատուների տեսակետները: