Ընտրությունները կլինեն մեր հասարակության հասունացածության թեստը։ Հասուն ընտրողի հարցադրումը պետք է լինի՝ ուր ենք գնում, ով ինչ է խոստանում և ապագան ինչպիսին պետք է լինի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Վերջինս նկատեց՝ այս ընթացքում բոլոր հիմնական ուժերն էլ ոչ ֆորմալ առումով քարոզչություն իրականացրել են։ Նա ձեռնպահ մնաց նշել, թե քաղաքական ուժերն այս ընթացքում ինչ տեխնոլոգիաներ են կիրառել. «Տեխնոլոգիաների տեսակետից ինչպես միշտ այնպես էլ հիմա խոստումներ են, իրենց ուժեղ կողմերի վրա խաղալու փորձեր, ինչ-որ տեղ փորձել նաև մանիպուլացնել։ Եկեք չշտապենք, ամեն ինչ դեռ առջևում է, եթե իհարկե ֆորսմաժոր չլինի»,-ասաց Վարուժան Հոկտանյանը։

Վերջինս քաղաքական ուժերի քարոզչության մեջ, ուղերձներում ռադիկալ փոփոխություններ չի ակնկալում։ Հնարավոր են մարտավարական որոշակի վերանայումներ լինեն, սակայն հիմնական մեսիջները նույնը կմնան։

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ կփորձի խաղարկել նախկինների վերադարձը, Վարուժան Հոկտանյանը նկատեց՝ հիմա դժվար է ասել, թե ինչ կարող է անել։

«Դա անպայման կլինի։ Խնդիրն այն է, թե որքանով դոմինանտ կլինի նախկինների հարցը։ Իրենք էլ հարցումներ կանեն, կհասկանան՝ ինչ մատուցեն։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ այս երեք տարվա մեջ արվել է ինչ-որ բան, հետևաբար ապագա կա։ Կարծես այդ տեխնոլոգիան է այստեղ։ Նրա ցանկացած մեսիջ կունենա իր հակամեսիջը։ Խնդիր է լինելու, թե որքանով ուժեղ կլինի այդ հակամեսիջը։ Այս էտապում դեռ չկա այդ բևեռացումը։ Այսինքն` փորձում են ժամանակից շուտ չբացել բոլոր քարտերը»,-նշեց Վարուժան Հոկտանյանը։

Նրա խոսքով ընդդիմությունը փորձում է հասկանալ՝ որ մեսիջներն ու մարտավարությունն իրենց ձայներն առավելագույնի կհասցնեն։ Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ առայժմ ճիշտ չի լինի եզրակացություններ անել, թե որ քաղաքական ուժն է հաջող կամ անհաջող քարոզարշավ իրականացնում։

«Դեռ չեն բացում իրենց խաղաքարտերը։ Հասկանում են, որ իրավիճակը կարող է փոխվել և այլ մեսիջներ կարող են լինել։ Առայժմ փորձում են հասկանալ՝ ինչն ավելի կազդի ընտրողի վրա։ Հասուն ընտրողի հարցադրումը պետք է լինի՝ ուր ենք գնում, ով ինչ է խոստանում և ապագան ինչպիսին պետք է լինի։ Պետք է քաղաքականապես տհաս լինել, որ ուշադրություն դարձնեն, թե ինչ են ասում նախկինների կամ ներկաների մասին։ Եթե նույնիսկ հարցն այդպես է դրվում, ուրեմ պետք է դա նայել ապագայի կոնտեքստում։ Ինչ են առաջարկում նախկինները կամ իշխող քաղաքական ուժը։ Ընտրողը պետք է դատի, թե որքանով է այդ ապագան համապատասխանում նրանց անցած ուղուն»,-ասաց Վարուժան Հոկտանյանը։

Աղբյուր` Փաստինֆո