Մի խումբ հասարակական կազմակերպություններ պահանջում են «Իմ քայլը» խմբակցությունից գիտակցել սեփական պատասխանատվությունը ՀՀ քաղաքացիների ու պետության առջև և 2021 թվականի քաղաքական օրակարգ վերադարձնել արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցը՝ մինչ այդ սեղմ ու հստակ ժամանակացույցով ապահովելով ընտրական ու հարակից օրենսդրության բարեփոխումը և նախապատրաստելով ընտրական հանձնաժողովներն ու դատաիրավական համակարգը ընտրական օրենսդրության նվազագույն պահանջների ապահովմանը:

Հայտարարությանը չմիացած Երևանի մամուլի ակումբի նախագահ, քաղաքագետ Բորիս Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե հայտարարության տակ ստորագրած քաղհասարակության ներկայացուցիչներն ինչ ակնկալիքներ ունեն, բայց, իր խոսքերով, մինչև նոր, չեզոք կառավարության ձևավորումը, որը պետք է լինի հենց խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությամբ, դժվար թե հնարավոր լինի մոտակա ժամանակներում կազմակերպել լեգիտիմ ընտրություններ։ «Մեզ մոտ ընտրությունները, որպես ժողովրդավարական ինստիտուտ, կայացած չեն։ Այն նախադեպը, որը ունեցել ենք 2018 թվականի դեկտեմբերին, ընդամենը քաղաքական կամքի դրսևորում էր, այլ ոչ թե ընտրական համակարգի կայացման վկայություն։ Դա է պատճառը, որ ես կարծում եմ, որ այս պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը լուծում չի լինի։ Մենք ընդամենը կունենանք հետընթաց նրանից, ինչ ունեցել ենք 2018 թվականի դեկտեմբերին»,- ասաց Նավասարդյանը։

Հայտարարությանը միացած ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանի անձնական կարծիքով էլ՝ իշխանությունը չգնաց արտահերթ ընտրությունների, որովհետև, նախ, մտավախություն ուներ, որ չէր հավաքի իշխանություն ձևավորելու համար բավարար ձայն, իսկ հակառակի համար պետք է գնար ընտրությունները կեղծելու ճանապարհով։ «Իմ անձնական կարծիքով՝ իշխանությունը դիլեմայի առաջ էր կանգնած։ Իրենք հաստատ բացարձակ մեծամասնություն չէին ունենա, ռիսկ կար, որ կկորցնեին իշխանությունը և հասկացան, որ կամ պետք է կեղծեին ընտրությունները, որից հետո ավելի վատ հետևանք կլիներ, դրա համար որոշեցին չանել ընտրություններ։ Եվ այդ, այսպես ասած մեղքը բարդել հասարակության վրա, ճիշտ չէ։ Հասարակության պահանջի ձևակերպումը արվում է քաղաքական ուժերի միջոցով՝ պայմանով, որ այդ ուժերը միասին վերցրած ներկայացնում են հասարակության մեծամասնությունը։ Իսկ ես չեմ կարող հստակ ասել, որ այն քաղաքական ուժերը, որոնք պահանջում են այս իշխանությունների հրաժարականը՝ իսկապես ներկայացնում են հասարակության մեծ մասը։ Բայց դրանից էլ չի բխում, որ մնացածը, որոնց իրենք չեն ներկայացնում, համաձայն են, որ այս իշխանությունները մնան»,- ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ իր անձնական կարծիքով՝ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, և բնավ համաձայն չէ, որ եթե մարդիկ դուրս չեն գալիս փողոց, չի նշանակում, որ չեն կիսում այդ պահանջը։ «Դա քաղաքական առումով տգետ մոտեցում է և շատ վտանգավոր։ Դա կարող է իրենց բավականին լուրջ փորձանքի բերել։ Այո՛, մարդիկ հիմա տարբեր պատճառներից ելնելով՝ փողոց դուրս չեն գալիս, բայց դա չի նշանակում, որ հասարակական պահանջ չկա»,- եզրափակեց Հոկտանյանը։

Սկզբանղբյուրը` 1in.am