Հայաստանը 17 կետով լավացրել է իր դիրքերը Կոռուպցիայի ընկալման Ինդեքսում` տեղափոխվելով 77րդ տեղից 60-րդ տեղը։ Թրանսփարենսի Ինթերնեշն հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշում է․ «2012 թ-ից այս համաթիվը հաշվվում է այլ մեթոդաբանությամբ, հետևաբար, համեմատություններ կարող ենք անել 2012 թ-ից սկսած, այդ ժամանակ նաև սանդղակը փոխվեց, եթե նախկինում 1-10 էր, ապա այդ ժամանակ սկսվեց հաշվարկվել 1-100 սանդղակով։ Առավել ցածր ինդեքսը եղել է 2014-15 թթ-ին, այն ժամանակ 33 էր, հիմա 49-ն է։ Անգամ ամենացածր ժամանակվա համեմատությամբ 16 կետ է բարելավում եղել, իսկ հեղափոխությունից հետո՝ 14 կետ է լավացել»։

Հոկտանյանը նշեց, որ համաթիվը իրենք չեն հաշվում։ «Բեռլինում մեր կենտրոնական գրասենյակը վերցնում է 12 հայտնի միջազգային կազմակպությունների ուսումնասիրությունները, որոնց 6-ը ներառում է նաև Հայաստանը։ Ընդ որում՝ ուսումնասիրություններում օգտագործվել են 2019 թ-ին կատարված ուսումնասիրությունները։ 2020 թ-ին այդ ուսումնասիրություները մշակվում են։ Հետևաբար, այս թիվը ցույց է տալիս 2019-ի իրավիճակը»։

Նա նշեց, որ ինդեքսը գնահատվում է, հանրային ոլորտի փորձագետների և գործարարների շրջանում կատարված հարցումների արդյուքնում։ Հարցին, թե որքանով է սա կապված իրական կոռուպցիայի նվազման հետ՝ Հոկտանյանն ասաց, որ, բնականաբար, ուղիղ կապ չկա։ «Կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ այդ ընկալման ինդեքսը մոտ է իրական կոռուպցիայի մակարդակի նվազման։ Մենք, բնականաբար, չենք կարող ասել, որ եթե կոռուպցիայի ընկալման մակարդակը 49-ն է, հետևաբար, կոռուպցիայի մակարդակը 49 տոկոս է, բայց մենք կարող ենք ասել, որ մոտավորապես այդ շրջակայքում է»։

Հարցին, թե ինչն է առավելապես ազդել ընկալման բարելավման վրա՝ նա պատասխանեց, որ 2019 թ-ին ստեղծվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Հակակոռուպցիոն ռազմավարությունը մշակվեց, եղան մի շարք գործերի բացահայտումներ, որոնք ևս նպաստել են ինդեքսի բարելավմանը։

Աղբյուրը՝ Armdaily.am