Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ռեկորդային է համարում Հայաստանի բարելավումը կոռուպցիայի ընկալման համաթվի սանդղակում։ Ցուցանիշը վերջին երկու տարիներին բարելավվել է 7-ական միավորով։

Միջազգային հեղինակավոր կազմակերպության ինդեքսում Հայաստանի միավորը 49 է, և 180 երկիր ներառող դասակարգման 2020 թվականի աղյուսակում Հայաստանը Հորդանանի և Սլովակիայի հետ կիսում է 60-ից 62-րդ տեղերը։

«Երկու տարվա ընթացքում 7-ական միավոր՝ 14 միավոր է ավելացել, որը, փաստորեն, բացառիկ արդյունք է, եթե նայում ենք երկու տարիների համար, լավագույն արդյունքներից մեկն է, եթե ոչ լավագույնը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հոկտանյանը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը աղյուսակը կազմում է՝ հիմնվելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների փորձագիտական գնահատումների և գործարար ոլորտի ղեկավարների ուսումնասիրությունների վրա։ Հայաստանի դեպքում կիրառվել են 6 կազմակերպություններից ստացված տվյալները։

«Դա Բերտելսմանի հիմնադրամի 2020 թվականի տրանսֆորմացիոն համաթիվն է, Freedom House-ի անցումային փուլում գտնվող պետությունների 2020 թվականի զեկույցը, Global Insight-ի երկրի ռիսկայնության 2019-ի վարկանիշը, Political risk services international-ի երկրի ռիսկայնության 2020 թվականի ուղեցույցը, Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2020 թվականի զեկույցը և Համաշխարհային տնտեսական ֆորումի ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում 2019 թվականի զեկույցը», - ասաց Հոկտանյանը։

Հայաստանի գրանցած առաջընթացը նկատելի է դասակարգման աղյուսակում, բայց այդ արդյունքից ոգևորվել պետք չէ, ասում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը։

«Նշածս աղբյուրները բավականին տարբեր են, քանի որ թվեր են, արժեքները բավականին տարբերվում են, Հայաստանի դեպքում ստանդարտ սխալը բավականին մեծ է և դա թույլ չի տալիս ասել, որ վիճակագրորեն էական առաջընթաց է սա հանդիսանում», - ասաց Հոկտանյանը։

Ներկայացված համաթիվը խոսում է ոչ թե երկրում կոռուպցիայի նվազման, այլև կոռուպցիայի նվազման ընկալման մասին՝ հիշեցնում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, իսկ դիրքերի նման բարելավումը ցույց է տալիս, որ հանրության շրջանում ակնկալիքները կոռուպցիայի դեմ պայքարի առումով՝ դեռևս մեծ են։

Սկզբնաղբյուրը՝ Ազատություն