«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է դատաիրավական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին։

Ըստ նրա՝ պետք է նախ տեսնել, թե Սահմանադրական դատարանում, ԲԴԽ-ում արված կադրային փոփոխություններն ինչի կհանգեցնեն՝ կունենանք նորից կախյալ դատական համակարգ նոր իշխանություններից, թե իսկապես անկախ։

Դատաիրավական բարեփոխումների շրջանակներում Հայաստանում ներդրվում է կոռուպցիոն հանցագործությունների գծով դատավորների մասնագիտացման ինստիտուտ։

«Եթե նայում ենք տեսական առումով, աշխարհում ընդունված պրակտիկան, ավելի մեծ է հավանականությունը, որ մասնագիտական դատարանը կկարողանա ավելի արդյունավետ քննել կոռուպցիոն գործերը, քան ընդհանուր դատարանները»,- նշեց Հոկտանյանը։ Մասնագիտացված դատավորներն ավելի բարձր աշխատավարձ են ստանալու, քան մյուս դատավորները։ Ըստ Հոկտանյանի՝ սա կարող է խտրականության բերել, և մյուս դատավորների համար արդեն գրավիչ չլինի աշխատանքը։ «Իհարկե, մյուս կողմից էլ դա կնպաստի, որ լավ դատավորները գան համակարգ»,- նշեց նա։

Մյուս տեսական խնդիրը, որը կարող է ծագել, ըստ Վարուժան Հոկտանյանի, այն է, որ կոռուպցիոն գործընթացներում ներգրավված անձանց ավելի հեշտ կլինի հակակոռուպցիոն գործերով դատավորների հետ լեզու գտնելը։ «Եթե դու ունես ավելի մեծ թվով դատավորներ, պետք է բոլոր դատավորների հետ լավ կապեր ունենաս, որովհետև եթե կոռուպցիայի հետ կապ ունես, չգիտես, թե բռնվելու դեպքում քո գործն ով է քննելու։ Իսկ հիմա ավելի նեղ շրջանակ է, 20-30 դատավոր, ավելի հեշտ կլինի կոռումպացված նախարարի կամ այլ պաշտոնյայի համար այդպիսի կապեր ստեղծելը։ Բայց, իհարկե, մյուս կողմից էլ ենթադրվում է, որ բարձր աշխատավարձն այդ դատավորներին կստիպի ավելի քիչ գայթակղվել նմանօրինակ առաջարկներով»,- ասաց Հոկտանյանը։

Մյուս խնդիրն աշխարհագրական է։ Մասնագիտացված դատարանը Երևանում է գործելու։ Հեռավոր մարզերից մարդիկ գնալու-գալու են, լուրջ անհրամարություններ են լինելու։ Սա հիմք է տալիս ասելու, որ, ըստ Հոկտանյանի, մասնագիտացված դատարաններ պետք է ունենալ բոլոր մարզերում։

«Անդրադառնանք պրակտիկային, թե ինչպես են այդ մասնագիտացված դատարաններն իրենց դրսևորել աշխարհում։ Դրա ինդիկատորը կոռուպցիայի մակարդակն է։ Մեր տարածաշրջանում, եթե վերցնենք Ուկրանիան, առանձնապես մեծ առաջընթաց չեն ունեցել, եթե նայում ենք կոռուպցիայի ընկալման համաթվով, չնայած ստեղծվեցին այդ դատարանները, բայց չէի ասի, որ հաջողված փորձ էր։ Ու այստեղ մենք գալիս ենք գլխավոր հարցին՝ այս բարեփոխումը հատվածային է, թե ոչ։ Այսինքն՝ եթե դու ուզում ես իսկապես անկախ և չկոռումպացված դատական համակարգ ունենալ, միայն հակակոռուպցիոն դատարաններով հարցը չի լուծվում։ Այստեղ երևի պետք է ավելի համակարգային մոտեցում լինի, այն, ինչը կոչվում էր վեթինգ, որը փաստորեն չարվեց։ Մեկ-մեկ ես մտածում եմ՝ միգուցե ճիշտն էլ դա էր, որ չարվեց, որովհետև հայտնի չէ, թե ինչ ձևով դա կարվեր»,- նշեց Վարուժան Հոկտանյանը։

Մասնագետի խոսքով՝ Սահմանադրական դատարանում, Բարձրագույն դատական խորհրդում կադրերի փոփոխությունից հետո պետք է սպասել ու տեսնել, թե ինչպես իրենց կդրսևորեն այդ մարմինները։

«Արդյոք մենք, սա մի քիչ կոպիտ կհնչի, կունենա՞նք նախկինների պատերի տակ վնգստացողների փոխարեն նորերի պատերի տակ վնգստացող դատավորներ։ Եվ եթե վեթինգն այդ արդյունքն ունենար, կստացվեր վնգստացողների դասի փոփոխություն»,- ասաց նա։

Մասնագիտացված դատավորները պետք է բարեվարքություն անցնեն։ Վարուժան Հոկտանյանի խոսքով․ «Մենք պետք է վստահ լինենք, որ այդ դեպքում հակակոռուպցիոն համակարգի այլ ինստիտուցիոնալ տարրերը նույնպես մաքուր են և քաղաքական պատվեր չեն կատարում։ Այսինքն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է լինի այնպիսին, որ նրա բարեվարքությունն ստուգելու կարիքը չլինի։ Հակակոռուպցիոն կոմիտեն ևս պետք է շատ լավ աշխատի այդ դեպքում։ Այսինքն՝ մենք գալիս ենք ավելի լուրջ համակարգային մոտեցման, որ արդեն պետք է ունենանք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի այլ բաղադրիչների լավ աշխատանքը նույնպես։ Դրա նախապայմանն առաջին հերթին քաղաքական կամքի արտահայտությունն է, նաև ռեսուրսների առկայությունն է կարևոր՝ կարո՞ղ են դատավորին տրամադրել բավարար սոցիալական երաշխիքներ ու աշխատավարձ։ Ամենակարևորը՝ արդյոք չի լինի այդ ամենի քաղաքականացումը»։

«Եթե այս փոփոխություններից հետո իսկապես անկախ դատական համակարգ ունենք, որովհետև անկախությունն ու կոռումպացվածությունը հակադարձ համեմատական կապի մեջ են, ուրեմն կարելի է ասել, որ թեկուզ այդ հատվածական մոտեցումն իրեն արդարացնում է։ Եվ քայլ առ քայլ կարելի է վեթինգն էլ իրականացնել»,- հավելեց նա։

Սկզբնաղբյուրը՝ Lragir.am